Բաժիններ՝

Սիրիայի քրդերը կպայքարեն երկրի խոշորագույն նավթահանքերի համար

Neftegaz.ru-ի փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերն «Ալ-Քաիդայի» հետ կապված զինյալների խմբերից պաշտպանում են երկրի հյուսիսում գտնվող Ռիմելան քաղաքը: Այն հարուստ է նավթով, քրդերի պնդմամբ՝ նավթահանքերը հանդիսանում են տվյալ տարածաշրջանի տնտեսության եկամտի կարևոր աղբյուր:

Քաղաքի նավթահանքերում է գտնվում սիրիական նավթի 60 տոկոսը: Ինչպես հայտարարում են քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) ներկայացուցիչները, քաղաքը մշտապես ենթարկվում է «Ջաբհաթ ալ-Նուրսա» խմբավորման զինյալների հարձակումներին:

PYD-ն քաղաքը գրավել է մայիսին, սակայն այդ ժամանակ նավթի արդյունահանումը կասեցված է եղել, քանի որ դադարեցված է եղել վաճառքը, իսկ նավթահորերը լեփ-լեցուն են եղել: Նշվում է, որ քաղաքում բնակվում են նաև հայեր:

«Ալ-Քաիդայի» հետ կապված իսլամական զինալները YPG-ին տվել էին մեկ ամիս ժամանակ, որպեսզի նա իր ուժերը դուրս բերի նավթային շրջանից, սակայն քրդերը մերժել են վերջնագիրը: Դա հանգեցրել է նոր, կատաղի բախումների:

Նավթահանքերը պաշտպանում են քրդերի հարյուրավոր մարտիկներ: Քաղաքում առկա է մոտ 2000 նավթահոր, որոնք ունակ են օրական տալ 400.000 բարել նավթ: Տեղի նավթը փոխադրվում էր Հոմս և Բանիաս քաղաքներ, սակայն Սիրիական հակամարտության սկսվելուց հետո վերջ է տրվել դրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս