
Հրդեհ Աբովյանի նորակառույց եկեղեցու տարածքում (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր ժամը 16:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի նորակառույց եկեղեցու տարածքում հրդեհ է բռնկվել: Տարածքն ամբողջապես չոր էր, որի պատճառով կրակն արագ է տարածվել:
Հրդեհի տարածքում գտնվող «Վան» ռեստորանի աշխատակիցները 168.am -ին հայտնեցին, որ առաջինն իրենք են ահազանգել և ենթադրում են, որ պատճառը հարևանությամբ գործող «Մակու» սրճարանի «անուշադրության արդյունքն է եղել»:
«Այս ամբողջ տարածքները Կովալենկոյինն են: Փողոցի մի կողմը ոռոգում են, մյուս հատվածը՝ ոչ: Եթե տարածքը չոր չլիներ՝ այսքան արագ չէր տարածվի այդ կրակը»,- ասում է Աբովյան քաղաքի բնակիչ Ռազմիկ Գևորգյանը:
Հրդեհի ահազանգին արագ արձագանքել են Աբովյանի փրկարար հրշեջ ջոկատն ու կրակն արագ դադարեցվել է:
«Երեխային մանկապարտեզից տուն բերելիս՝ տեսա, որ հրդեհը հանգցնում են արդեն: Ասում են, որ ինչ-որ մեկը ծխախոտի մնացուկը նետել է ու կրակը տարածվել է: Բարեբախտաբար, շուտ են հասել ու հանգցրել, այլապես կրակը մանկապարտեզ կհասներ»,- ասում է բնակչուհիներից մեկը, ով չցանկացավ իր անունը նշել: