Էջմիածնում ջուր տալիս են օրական երկու ժամով
Եթե դուք որոշել եք բնակություն հաստատել Էջմիածին քաղաքում, ապա պետք է իմանաք` ջուր տալու են օրական երկու ժամով` մեկ ժամ առավոտյան ժամը 7:00-ին, մեկ ժամ` երեկոյան: Այս բացասական «ավանդույթը» շարունակվում է արդեն տարիներ: «Եթե դու ցանկանում ես լողանալ, ապա պետք է զարթնես առավոտյան ժամը 7-ին, լվացք անելու համար պետք է ջուր հավաքես, իսկ խոհանոցի մի անկյունում պետք է դնես մոտ մեկ տասնյակ տարբեր տարողունակության շշեր, որպեսզի կարողանաս ճաշ եփել ու օրվա ընթացքում ծարավից չմեռնել»,- ասում է տնային տնտեսուհին Սաթիկը:
Էջմիածինցիներից շատերը տան բակերում եղած խորքային հորերի շնորհիվ են կարողանում են լոգանքի և լվացքի հարցը լուծել և ջուր հավաքում են միայն խմելու համար, իսկ բազմաբնակարան շենքերի բնակիչները ստիպված են ենթարկվել «ջրի ռեժիմին»:
Էջմիածինցիները հավաստիացնում են, որ բազմիցս դիմել են պատասխանատուներին` պարզելու, թե ինչո՞ւ քաղաքում 24-ժամյա ջրամատակարարում գոյություն չունի: «Որևէ կոնկրետ բացատրություն այդպես էլ չտրվեց: Մեկ ասում էին՝ ջուրը քիչ է, չեն կարողանում բաշխել, մեկ ասում էին՝ հոսքը ուժեղ չի, ու դրա համար քիչ են տալիս»,- ասում է տիկին Վալյան` ավելացնելով, որ այդպես էլ որևէ մեկն իրենց չասաց, թե ի՞նչ ուղիներ պետք է մշակել, որպեսզի լուծվեն թերություններն, ու ջրամատակարարումը բարելավվի:
«Հայջրմուղի» Էջմիածնի տեղամասի դիսպետչեր Գոհար Սարգսյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում հերքեց բնակիչների բողոքները, թե ջուրը տալիս են օրական երկու ժամով: «Ոսկեվազում վթար էր տեղի ունեցել, և դա էր պատճառը, որ մեկ ամիս շարունակ բնակիչներին ջուր քիչ էր հասնում: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե դա մշտական բնույթ է կրում՝ նման բան չկա: Ջուրը սահմանված կարգով հասնում է բնակիչներին: Մենք ունենք գրաֆիկ ու դրան համաձայն ջուրը բաշխում ենք: Ինչ վերաբերում է գյուղերին, ապա գյուղերին ջուր տրամադրվում է 18 ժամ շարունակ»,- ասաց Գ. Սարգսյանը:
Ավելի ուշ պարզեցինք, որ «Հայջրմուղի» Էջմիածնի տեղամասի հավաստիացումներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը:
Այցելեցինք Էջմիածին քաղաքի մի քանի փողոցներ` Աթարբեկյան փողոցի բազմաբնակարան շենքերը, Մովսես Խորենացու և Սվերդլովի փողոցների սեփական տներն ու փաստեցինք` ցերեկային ժամերին բնակարանները ջուր չեն ստանում: Մեզ հետ զրուցած ավելի քան մեկ տասնյակ բնակիչները ևս հավաստիացրին, որ ջուր տալիս են օրական երկու անգամ մեկական ժամով: