Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի ռազմաօդային ուժերի կործանիչներն այսօր օդ են բարձրացվել՝ կապված Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների կողմից երկրի օդային տիրույթ մուտք գործելու հետ: Այս մասին հայտնում են ճապոնական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
«Կիոդո» գործակալության տվյալներով՝ երկու Ту-95 ինքնաթիռ Ֆուկուոկայի շրջանում խախտել են Ճապոնիայի օդային սահմանը, ինչից հետո ճապոնական կողմը տագնապի ազդանշանով օդ է բարձրացրել իր կործանիչները: Ճապոնիայի իշխանությունները բողոք են հայտնել Ռուսաստանին՝ կապված երկրի օդային տիրույթի խախտման փաստի հետ:
Ճապոնական ԶԼՄ-ները ոչինչ չեն հայտնել այն մասին, թե ռուսական ինքնաթիռները որքան ժամանակով եմ գտնվել Ճապոնիայի օդային տիրույթում և որոնք են եղել միջադեպի հնարավոր պատճառները: Ռուսաստանի ՊՆ-ն իր հերթին հայտարարություն է տարածել, որում հերքել է, թե ռուսական ինքնաթիռները խախտել են Ճապոնիայի օդային սահմանը:
Դրանում նաև ասվում է, որ Ту-95МС ռազմավարական երկու ռմբակոծիչի համար պլանային թռիչքներ են իրականացվել Ճապոնական ծովի ու Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերի վրայով, սակայն պետական սահմանի խախտում չի գրանցվել: