Բաժիններ՝

Սարիգյուլ տատիկ. «Հիմիկվա ղեկավարները կամ իրենց գրպաններն են փողերը լցնում, կամ ուրիշ երկրների բանկերը» (տեսանյութ)

Գեղաշենում Սարիգյուլ (Սարի ծաղիկ) տատիկին բոլորը գիտեն: Գյուղի ամենաակտիվ, ասող-խոսող տատիկներից է: Մի քանի տարի է, ինչ ամուսինը մահացել է, նրա մասին խոսում է ամենայն ջերմությամբ ու հարգանքով: Ապրում է որդու ու թոռան հետ և սիրում ու հպարտանում է Գեղաշենով:

Սարիգյուլ տատն ամեն օր վաղ առավոտյան է արթնանում, հավերին կերակրում:  Անասուն չունեն, որովհետև այլևս ծանր է անասուն խնամելը: Տան գործերն անում է երիտասարդ հարսը, իսկ հողակտորով, մեղուների խնամքով զբաղվում է ինքը: Ասում է, որ չի սիրում , երբ իրեն օգնում են. 79 -ամյա Սարիգյուլ տատն իր առույգությամբ կարող է մրցել ցանկացած երիտասարդի հետ:

Քաղաքականությանը հետևում է լուրերով և վստահ է, որ սուտ լուրեր են ասում, իրականությունը չեն ներկայացնում, իրականում չեն պատմում երկրի ծանր վիճակի մասին.

«Ինչքան էլ ասենք՝ կառավարությունը լավն ա, մեկ ա՝ «վերևից»  պիտի լավը գա, որ էս իմ ծերության հասակին հանգիստս վայելեմ, ոչ թե մտածեմ հոգսերի մասին: Իմ էրեխեն ավարտի ասպիրանտուրան ու վարորդություն անի՞, ումի՞ց է պակաս»,- ասում է նա: Սարիգյուլ տատը մինչ օրս գիրք է կարդում, բայց դժգոհում է, որ կարդացածն արագ է մոռանում: Անգամ հասցրել է ուսումնասիրել  դպրոցականների դասագիրքը.

Կարդացեք նաև

«Էդ «Այբբենարանը», որ հիմա երեխաները սովորում են, մեր անցած «Այբբենարանի» շնի շունը չի լինի: «Աբբենարանը»  մենակ նկարներով չի, մեկի ծնողն, ասենք, անգրագետ է, նկարներով տառեր չեն սովորացնի, ոչ մասնիկներ կան ոչ էլ…  Աշոտյանը ինչի՞ մասին ա մտածում, չգիտեմ»:

Sarigyul1

Սարիգյուլ տատն ասում է, որ թոռների ու ծոռների առումով աղքատ է՝ 4 թոռ ունի, 3 ծոռ:
Մտահոգվում է ամեն ինչի համար՝ երեխաների, թոռների աշխատանքի համար, երկրում տիրող գնաճի, գազի թանկացման… Ասում է՝ կառավարությունը պետք է ամաչի, որ օր ծերության ինքը ստանում է 30 հազար դրամ թոշակ, իսկ ձմռանը տաք շշով է քնում:
Սարիգյուլ տատը վստահ է, որ ապրելու է 100 տարի և հույս ունի, որ երկրի վիճակը մի օր կարգավորված կտեսնի: Իշխանությունների մասին ունի իր կարծիքը. «Հիմիկվա ղեկավարները կամ իրենց գրպաններն են փողերը  լցնում, կամ ուրիշ երկրների բանկերը»: Մեր զրույցի վերջում նա դիմում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի  վերջինս մի քիչ էլ ժողովրդի մասին մտածի…

Տատը պարտադիր մասնակցում է ընտրություններին. «Ես որ ողջ եմ՝ իմ ձենը չեմ տա ուրիշին»,- ասում է նա: Սարիգյուլ տատը, սակայն, չի ասում, թե ո՞ւմ  է տվել իր ձայնը ՏԻՄ ընտրություններում. «Չեմ ասի, քու ի՞նչ գործ, թե ում եմ ընտրել, խի՞ պիտի ասեմ, գաղտնի ա»:

Ի դեպ, Սարիգյուլ տատը հիշում է, որ դպրոցում 3 օր պատվո պահակ է կանգնել Ստալինի արձանին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս