Բաժիններ՝

Աշոցքում տրանսպորտի գները թանկացել են

Աշոցքը գյուղական համայնք է Շիրակի մարզում: Գտնվում է Ախուրյան գետի վերին հոսանքի ավազանում: Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի առաջին կեսին Արևմտյան Հայաստանից գաղթած հայության կողմից: Տարածքը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում: Աշոցքով է անցնում Երևան-Գյումրի-Վրաստան միջպետական նշանակության ճանապարհը, Հայաստանը Վրաստանին միացնող խճուղին: Հեռավորությունը մարզկենտրոնից մոտ 36 կիլոմետր է, Վրաստանի սահմանից` 12 կիլոմետր, իսկ Թուրքիայի սահմանից` 20 կիլոմետր: Աշոցքի տարածաշրջանը համարվում է հանրապետության ամենացուրտ տարածքներից մեկը: Գյուղը գազաֆիկացված է, սակայն, ըստ բնակիչների, ոչ բոլորն ունեն գազ օգտագործելու հնարավորություն, հատկապես՝ վերջին թանկացումներից հետո: Համայնքում ջրի խնդիր հիմնականում չկա, ասում են. «Ջուր ունենք, դա լավ է, մենակ լինում է՝ մեկ- մեկ մի քանի ժամով անջատում են»:

Ashocq1

Ashocq3

Համայնքն ունի եկեղեցի, նաև մատուռներ: Գործում է «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը: 2012 թ. հուլիսին համայնքը նշեց հիվանդանոցի 20-ամյակը: Գործող դպրոց կա, և ներկայումս կառուցվում է ևս մեկը: Համայնքում հիմնական խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է։ «Աշխատեղերի վիճակը ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ մեզ մոտ նույնն է` չկա: Դրանից էլ արտագնա աշխատանքների մեկնողների թիվը մեծ է: Բոլորը դրսում են աշխատանք գտնում: Վերջը ապրել է պետք»,- ասաց բնակիչներից մեկը: Համայնքի աշխատունակ բնակչության կեսից ավելին ունի զբաղվածության խնդիր: Բնակիչները նաև նշում են, որ արտագաղթի մակարդակը համայնքում համեմատաբար մեծ չէ. «Տասից երկուսն են արտագաղթում»,- նշում են նրանք:

Կարդացեք նաև

Ashocq4

Տրանսպորտի գների հետ կապված՝ բնակիչները նշեցին, որ վերջին շրջանում նկատվել են թանկացումներ. նախկին 500 դրամի փոխարեն ներկայումս Գյումրի հասնելու համար բնակիչները վճարում են 600 դրամ: Ժամանցի վայրերը համայնքում բացակայում են: Կա գործող մշակույթի տուն, որտեղ երբեմն ցուցադրություններ են կազմակերպվում: Կա նաև գործող գրադարան: Գյուղմթերքների և բերքատվության հետ կապված հարցերին ի պատասխան՝ բնակիչները նշում էին, որ մասնավորապես կարտոֆիլի բերքը համեմատաբար քիչ է, այլ գյուղմթերքների հետ կապված ևս բարձր բերքատվություն չեն ակնկալում. «Ամենքը մի կտոր հող ունեն և կարտոֆիլ, գազար, կաղամբ են մշակում ու վերջ»: Բնակիչները նաև նշեցին, որ ներկայումս վերանորոգվում է դեպի Թբիլիսի տանող ճանապարհը:

Գյումրի
Լուսանկարները` Արսեն Վարդանյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս