
Կա’մ հարկերի հավաքագրումը կավելացնեն, կա’մ աշխատակիցների թիվը կկրճատեն

Նվազագույն աշխատավարձերի շեմի բարձրացումը Լոռու մարզի և ընդհանրապես Հայաստանի հատկապես գյուղական բնակավայրերի վրա ոչ այնքան լավ հետևանքներ կարող է ունենալ: Մասնավորապես, նվազագույն աշխատավարձերի շեմի բարձրացումը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել մեծ համայնքների համար, որոնք բազմաթիվ աշխատակիցներ ունեն: Այս առիթով անդրադարձ է կատարվել նաև Լոռու մարզպետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը վստահեցրել է, որ մարզում չնայած աշխատավարձերի պարտքեր չկան, սակայն մարզի մեծ համայնքները նվազագույն աշխատավարձերի բարձրացման պատճառով վճարման հետ կապված կարող են խնդիրներ ունենալ: Մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ իր հերթին հայտնել է, որ համայնքները պետք է գնան կամ եկամուտների ավելացման, կամ աշխատակիցների թվի նվազեցման, քանի որ աշխատավարձերի պարտքերի կուտակումն անթույլատրելի է:
Մարզպետ Արթուր Նալբանդյանն անդրադարձ կատարելով եկամուտների հավաքագրման ոչ այնքան գոհացուցիչ ցուցանիշներին՝ նշել է, որ մարզպետարանի ակտիվ աշխատանքն այս ուղղությամբ ուղիղ համեմատական է համայքների ղեկավարների պասիվությանը: Նալբանդյանը համայնքների ղեկավարներին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ նրանք պարտավոր են գիտակցել, որ հարկերի հավաքագրումն իրենց պարտադիր լիազորությունն է:
Նշենք, որ մարզի մի շարք համայնքներում հարկերի հավաքագրումը չի անցնում նույնիսկ 40 տոկոսի շեմը, ինչը պայմանավորված է մի կողմից գյուղապետերի վատ աշխատանքի, մյուս կողմից` խնամի-ծանոթ-բարեկամ ամուր կապերով: