«Պանիկա, շանտաժ և պրովոկացիա»
«Դանդի փրիշս մեթալս» ընկերության ուշադրությունն ենք հրավիրում «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ արտաքին և ներքին իրավիճակին:
«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը կանդրադառնա «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հուզիչ ելույթին և մեկ առ մեկ կպատասխանի իբրև տուժողի կարգավիճակում հայտնված այդ տնօրենի հնչեցրած բոլոր հայտարարություններին:
Այդպիսի հայտարարություններ անում են այն տնօրենները, ովքեր իրենց աթոռը և կլանը փրկելու համար զոհում են ընկերությունը: Նման կերպ վարվել էր ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան և ներկայումս այս ամենը մեզ հիեցնում է Ֆալլետտայի այն ժամանակվա գործողությունները:
Նախքան տնօրենի ելույթին անցնելը՝ տեղին ենք համարում մի քանի նկատառումներ անել: Քանի որ տնօրենը խնդիրներ ունի ընկերության բանվորների հետ, մենք տարանջատում ենք նրա կարծքը աշխատողների կարծիքներից: Որքան էլ Հրաչ Ջաբրայանը իր ելույթում փորձի այլ պատկեր ներկայացնել և հանդես գալ բոլոր կապանցիների անունից, բայց ընկերության աշխատողների և կապանցիների զգալի մասը չեն կիսում նրա կարծիքը:
Ընկերության տնօրենի մի շարք հայտարարություններ չեն համապատասխանում իրականությանը
Ընկերության տնօրենը իր ելույթում խոսեց մեր կազմակերպության անդամների վախի զգացողության մասին և հնչեցրեց վիրավորանքներ նրանց հասցեին: Վախի վերաբերյալ կպատասխանեմ այժմ, իսկ երիտասարդ, ճարպիկ տնօրենն իր ելույթի ժամանակ մեր հասցեին հնչեցրած վիրավորանքի և զրպարտության համար պատասխան կտա իրավական դաշտում: Վախկոտը նա է, ով սույն թվականի ապրիլ ամսին մի քանի տասնյակ մարդկանց ներկայությամբ հայհոյանքների արժանացավ և չպատասխանեց դրանց: Ի՞նչն է պատճառը, որ արևմտյան արժեքներով սնված երիտասարդ, ճարպիկ տնօրենի իրականացրած գործողությունները, խոսքերը և մոտեցումները հեռուանում են արևմտյան արժեքներից և նմանվում են մեր իրականությանը` գայթակղության և խորհրդատուների հոգեբանական ճնշումների ներքո:
«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ հրավիրված չի եղել վերջին հավաքին: Կազմակերպությունը ընկերությունից տարբեր ժամանակներում ստացել է գրավոր հրավերներ և կազմակերպության ներկայաչուցիչը մասնակցել է կազմակերպված հավաքներին: Մեր կազմակերպության աշխատակազմը աշխատում է ծանրաբեռված գրաֆիկով և չի պատրաստվում շարժվել ընկերության քմահաճույքով, առավելևս, երբ տվյալ դեպքում ընկերության տնօրենն էր որոշել շտապ իրեն անհրաժեշտ հավաք կազմակերպել: Նշենք նաև, որ նույնիսկ հանդիպմանը հրավիրված լինելու դեպքում չէինք մասնակցի այդ հանդիպմանը, որովհետև ընկերությունը չի պատասխանում մեր գրություններին կամ պատասխանելու դեպքում էլ մերժում է մեր կազմակերպության աշխատակիցների և փորձագետների մուտք գործել ընկերություն:
Անդրադառնանք ելույթի մեջ շոշափված թեմաների փաստերին
1. Ընկերության տնօրենը պետական կառույցների նկատմամաբ կոշտ, կոպիտ, քաղաքական հայտարարություններ հնչեցրեց:
Արդեն նշել ենք, որ մեր կազմակերպության ներկայացուցիչները տարբեր ժամանակներում մասնակցել են ընկերության կողմից կազմակերպած հավաքներին: Ընկերության այն ժամանակ վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանի ելույթներում պետական մարմինների նկատմամբ միշտ լսել ենք դրական արձագանքներ: Այդ ի՞նչ պատահեց, որ իրեն գլխավոր տնօրեն նշանակելուց հետո փոխվեց պետական մարմինների հանդեպ ընկերության այդքան հավատարիմ ու օրինապահ մոտեցումը, ի՞նչն է փոխվել ընկերության և պետական մարմինների փոխհարաբերություններում, որը չի ասում ընկերության գլխավոր տնօրենը, փոխարենը միայն էմոցիոնալ և խուճապահար մեղադրանքներ է հնչեցնում նրանց հասցեին: Երբ ընթացիկ տարվա հունիսին պետական կառույցի ներկայացուցիչները, տնօրենի ասելով, զինված մտան ընկերության տարածք, ինչո՞ւ նա այդ ժամանակ անմիջապես դրա մասին չհայտարարեց և միայն մի քանի ամիս անց որոշեց վրդովված խոսել դեպքի մասին: Միգուցե տնօրենը չկարողացա՞վ այս ժամանակահատվածում լուծել իր առջև դրված խնդիրները և դիմում է այս խուճապահար և պրովոկացիոն քայլին:
Տնօրենը նաև հայտարարեց, որ ով ընկերության տարածք մտնողը պետք է ենթարկվի ընկերության ներքին օրենքներին:
Հիշեցում տնօրենին` Հայաստանի Հանրապետությունում բոլորը պետք է ենթարկվեն ՀՀ օրենսդրության պահանջներին, իսկ օտարերկրյա քաղաքացիներին և ընկերություններին օրենքով ոչ մի արտոնություն չի տրվում:
Ի գիտություն նշենք, որ սովորաբար օտարերկրյա գործարարը տնօրեն նշանակելիս, վերջինից ակնկալում է այնպիսի որակի աշխատանքային հարաբերությունների հաստատում տվյալ երկրի պետական և հասարակական կառույցների հետ, որպեսզի իր բիզնեսի հետ կապված մտահոգվելու առիթ չունենա: Սակայն այս դեպքում, այդ ակնկալիքները, ինչպես երևում են, չեն արդարացվում:
2. Ընկերության տնօրենը հայտարարեց, եթե պետական մարմինները շարունակեն այս ոճով աշխատել ընկերության հետ, կրճատումներ կանի՝ 1200 աշխատողից 300-ին, որովհետև իրեն միայն 900 աշխատակից է անհրաժեշտ:
Մի քանի տարի առաջ մենք նույնաբովանդակ հայտարարություններ լսեցինք նաև անգլերեն լեզվով՝ Ռ. Ֆալլետտայից, իսկ հիմա ո՞ւր է նա…: Այս անգամ լսում ենք նույն տողերն արեմտահայերենով՝ Հ. Ջաբրայանից, ով փորձում է կառավարությանն ու հանրությանը վախեցնել՝ հնարավոր կրճատումներ անելու այս մեթոդը դրոշակ դարձնելով:
Այն տնօրենը, ով մասսայական կկրճատի ընկերության աշխատակիցններին, նա ընկերության սեփականատիրոջ կողմից կազատվի աշխատանքից: Այդ ընկերությունում տնօրենի փոփոխություններ միշտ էլ եղել են, բայց ընկերությունը միշտ էլ աշխատել ու աշխատելու է, եթե արհեստական ու միտումնավոր գործողություններ չանեն, ինչպես այսօր են անում: Խոսքը վերաբերում է այսօրվա ռեժիմի կողմից հանքի կանգնեցման միտումնավոր մտադրություններին, ինչի վերաբերյալ արդեն իսկ խորը կասկածներ ունենք, քանի որ ֆաբրիկայի աշխատանքներն արդեն որերորդ անգամ կանգնեցնում են՝ տարբեր ու իրականությանը չհամապատասխանող պատճառաբանություններ բերելով:
Ինչ վերաբերում է տնօրենի հայ լինելուն, դա դեռ ոչինչ չի նշանակում: Կարևորը լավ մարդ ու բանվորների կողմից սիրված ու հարգված լինի անձնավորությունը (իսկ հարգված տնօրենին ընկերության աշխատողներ չէին հայհոյի): Այդ ընկերության բանվորները լավ հիշում են օտար ազգի մի շարք լավ տնօրենների և լավ մարդկանց:
3. Իր ելույթում տնօրենը նաև հայտարարեց, որ երկու ամիս ընկերության հանքափորները 50.000 տոննա և ավելի հանքաքար հանեցին և ստացան նախատեսված հավելավճարները, իսկ երրորդ ամսում՝ նույնքան հանքաքար ապահովելուց հետո, աշխատողներին հավելավճարներ չտրամադրվեցին: Ընկերության տնօրենը մեկնաբանեց, որ դա պայմանավորված էր անվտանգության կանոնների խախտման դեպքերով: Նա նաև հայտարարեց, որ հանքի աշխատողները ծույլ են ու չեն ուզում աշխատել:
Նշենք, որ առողջության հաշվին 50.000 տոննա և ավելի հանքաքար հանած բանվորին ինչ-որ անհեթեթ պատճառաբանությամբ չվճարել հավելավճարները` դա ուղղակի հանցագործություն է հայ աշխատավորի նկատմամբ: Ո՞ր աշխատողը կաշխատի այդքանից հետ, և դա այն դեպքում, երբ 50.000 տոննա հանքաքար մինչև այժմ չի արդյունահանվել: Իսկ 50.000 տոննա քար հանքահանած բանվորին անվանել ծույլ, ինչպես կասեին բանվորները, դա առնվազն ստորություն է ու անմարդկային վերաբերմունք:
Այսօրվա դրությամբ 1 տոննա պղնձի խտանյութի գինը 7 հազար 300 դոլար է միջազգային շուկայում: Այսինքն, ընկերության համար շահավետ է հանքը շահագործել: Եթե այսօրվա դրությամբ տնօրենը նշում է, որ ֆաբրիկան կանգնեցրել է, քանի որ հանքաքար չկա, ապա դրա մեղավորը միայն ինքն է: Հանքի աշխատողներն ի վիճակի են տալ 50 հազար տոննա և ավելի հանքաքար, սակայն աշխատողներին քաջալերելու փոխարեն տնօրենը նրանց զրկել է հավելավճարներից, որից հետո աշխատողները չեն ցանկացել իրենց առողջության հաշվին աշխատել, նույն քանակի քար ապահովել ու այդ չարչարանքի դիմաց չգնահատված մնալ: Ինչն էլ առիթ է տվել գլխավոր տնօրենին հրապարակայնորեն նրանց մեղադրելու ծուլության մեջ, քանի որ հաջորդ ամիս անհրաժեշտ քանակի քար չեն հանքահանել: Ստացվում է այնպես, որ տնօրենի սխալ գործունեության հետևանքով ընկերությունը վնասով է աշխատում և սեփկանատիրոջ եկամուտը, որը կարող էր ավելին լինել, այս պարագայում նախատեսվածից քիչ է ապահովվում: Հանքի աշխատողը կարող է ապահովել 50 հազար և ավելի տոննա քար, ինչը շահավետ է սեփականատիրոջ համար, բայց գլխավոր տնօրենը արհեստական խոչընդոտներ է ստեղծում և խանգարում աշխատանքների նորմալ կազմակերպմանը, միլիոնավոր դոլարների կորստի հիմնական մեղավորը դառնում:
4. Ելույթում տնօրենը նշեց, որ ընկերությունը 7 տարի է աշխատում է վնասով և սեփականատերը անընդհատ ներդրում է կատարում՝ առանց շահույթ ստանալու, բայց ինքը խնդրել է սեփականատիրոջը, որ մի առ ժամանակ համբերություն ցուցաբերի:
Տեղեկացնենք տնօրենին, որ Հայաստանում փակ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի համաձայն՝ երկու տարի շահույթ չստանալու դեպքում, ՓԲԸ պետք է գնա սննկացման, բայց դա չի արվում ընկերության պարագայում:
Հարց է առաջանում, եթե ընկերության սեփականատերը այդքան տարի վնաս է կրում, ի՞նչն է պատճառը, որ նա ամուր կառչած է Շահումյանի ամենահարուստ հանքավայրից: Պտճառն ավելի քան պարզ է.
ա) սեփականատերը իրականում շահույթ է ստանում
բ) նույնիսկ պատրաստվում է բաց եղանակով շահագործել հանքավայրը, որպիսզի էլ ավելի շահույթ ստանա այստեղից:
Ինչ վերաբերում է Հրաչ Ջաբրայանի կողմից սեփականատիրոջն ուղղված խնդրանքին, ապա փորձառու մարդկանց կողմից այն ծիծաղելի հնչեց: Ինչպե՞ս կարող է 70 մլդ դոլար հարստություն ունեցող սեփականատերը(տնօրենի խոսքով), ով բիզնեսմեն է, շահույթ չստանալով հանդերձ՝ համաձայնվի հայ տնօրենի խնդրանքին և չկրճատի 300 աշխատողի ու միևնույն ժամանակ շարունակի ներդրումներ անել Հայաստանում: Դրանք միայն անհեթեթություններ են…:
5. Ելույթում տնօրենը հայտարարեց, որ Սյունիքի մարզի դատախազության կողմից քրեական գործ չի հարուցվել ընկերության դեմ:
Ընկերության նկատմամբ միանաշանական դատախազության կողմից քրեական գործ է հարուցված: Բացի այդ, դատախազության այդ որոշումը, ինչպես հայտնի է արդեն, բողոքարկված է: Ո՞ւմ է ապակողմնորոշում տնօրենը: Իհարկե Կապանի հանրությանը և այդ ֆոնի վրա հանդես է գալիս տուժողի կարգավիճակում միայն մի նպատակով, որպեսզի հանրությունը խղճա տառապանքների մեջ հայտնված տնօրենին և պաշտպան կանգնի:
6. Ելույթում տնօրենը հայտարարեց, որ իրենք միայն բիզնես չեն անում, այլ նաև՝ արտագաղթն են կանգնեցնում:
Երեք տարի առաջ, երբ այս երիտասարդ, ճարպիկ տնօրենը աշխատանքի անցավ ընկերությունում, այնտեղ աշխատում էին 1200 աշխատող, այսօր՝ իր 3 տարիների դե ֆակտո ղեկավարման ժամանակ, ընկերությունը կրկին ունի 1200 աշխատակից: Որտե՞ղ է այս տվյալներում երևում արտագաղթի խթանումը, եթե աշխատատեղերի ավելացում չի եղել: Ապատեղեկատվություն տարածելը շատ հեշտ է, բայց փաստերը թաքցնել հնարավոր չէ:
7.Ելույթում անդրադարձավ նաև Կապան քաղաքում Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման հացին և նշեց, որ մինչև սեպտեմբերի 16-ը Կանադայում իր մասնակցությամբ անցկացվող քննարկման ժամանակ կորորշվի այդ հարցը ու ավելացրեց, որ բաց հանքի շահագործման որոշումը Հայաստանում կայացնելու է ոչ թե կառավարությունը՝ այլ կապնցիները և Հրաչը:
Կապանցիները միշտ էլ կայացրել և կկայացնեն որոշում իրենց ապագայի համար, բայց Հրաչին և իր նմաններին թույլ չեն տա մտնեն կապանյան անցուդարձի մեջ, ինչպես թույլ չտվեցին Հրաչին իր ցանկությամբ իրականացնել արձանների տեղադրումը Կապանի եղբայրական գերեզմաններում:
Բաց հանքի շահագործման որոշում կայացնելու նախօրերին, իհարկե, հասկանալի է տնօրենի նմանօրինակ պահվածքը: Տնօրենը ընկերության սեփականատիրոջ սպասելիքնները չի արդարացնում և ձախողել է հարաբերությունները հասարակության և պետական մարմինների հետ: Իսկ այդ ֆոնի վրա՝ բաց հանքի շահագործումը իրատեսական չէ:
8. Ելույթում նշեց, որ իր հարաբերությունները նորանշանակ մարզպետի հետ շատ լավ են:
Մենք հիշում ենք նաև նույնաբովանդակ ելույթ նախկին մարզպետի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ, բայց վերջում կապանյան հասարակությունը իմացավ, որ այն չի համապատասխանում իրականությանը:
9. Տնօրենը իր ելույթի վերջնամասում հայտարարեց, որ ինքը կարող է թողնել այս ամենը և գնալ Կանադա, որտեղ ինքը շատ լավ էր ապրում և նշեց. «բա ի՞նչ են անելու իր տեղացի գործընկերները»:
Տեղացի գործընկերները կտնօրինեն ընկերությունը և տեղացիների համար ճիշտ որոշումներ կկայացնեն, ինչպես նաև խնդիրներ չեն ունենա հասարակական և պետական մարմինների հետ:
Մենք եկանք այն համոզմունքին, որ ընկերության տնօրենը չի տիրապետում իրավիճակին և իր անգործության հետևանքով տուժում են ընկերության բանվորները: Նաև ընկերության տնօրենը իր ոչ ճիշտ կառավարման հետևանքով ստեղծված խնդիրները փորձում է բարդել և դրանցում մեղադրել պետական և հասարակական կառույցներին:
Նշենք նաև, որ սեպտեմբեր ամսին «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ կողմից լույս կտեսնի ձեռնարկ, որտեղ ներկայացված է լինելու «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ էկոլոգիական և սոցիալ-տնտեսական նկրագիրը:
Կոչ ենք անում ընկերության աշխատակիցներին չվախենալ տնօրենի ամպագոռգոռ հայտարարություններից: ՀՀ-ում ընդերքը ժողովրդինն է, այսինքն ՁԵՐԸ և միասին թույլ չենք տա, որ ոտնահարվի աշխատավորների իրավունքները: Միասին կպայքարենք արժանապատիվ ապրելու և պաշտպանված լինելու համար:
Տնօրենները եկել ու գնացել են և կգնաբ (Մայքլ, Ջոն, Ռոբերտ, Իլիա, Հրաչ), իսկ վաղը կարող է գալ Ջեքսոնը, բայց դուք մնալու եք, իսկ հանքավայրը շահագործվելու ու աշխատելու է փակ եղանակով: Հանքավայրի սեփականատերը պետությունն է, այսինքն ԴՈՒՔ՝ ժողովուրդը, իսկ պետությունը ժամանակավոր շահագործման հանձնել է ընկերությանը: Տեղեկացեք նաև, որ ընկերության սեփականություն է հանդիսանում միայն շենք շինությունները և հողամասերը՝ առանց ընդերքի:
«Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և Ժողովրդավարության Զարգացման» Հ/Կ