Հայկ Հակոբյան. Ինքնասպան եղած Հայկ Հայրապետյանը նախարարությունում խնդիրներ չի ունեցել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ՀՀ կառավարության մասնաշենքից ցած է նետվել ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից, 1991թ. ծնված Հայկ Հայրապետյանը: Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները:
Դեպքի վայրում հավաքված մարդիկ հրաժարվում են որևէ տեղեկություն հաղորդել կատարվածի մասին:
ՀՀ կառավարության մասնաշենքի երկրորդ հարկի պատշգամբից իրադարձություններին հետևող աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայկ Հայրապետյանն աշխատել է մասնաշենքի 5-րդ հարկում, սակայն բարձրացել է 6-րդ հարկ և այնտեղից է նետվել ցած: Նրա փոխանցմամբ՝ Հայկ Հայրապետյանի քեռին նույնպես աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարությունում. նա, նրա փոխանցմամբ՝ զբաղեցնում է նախարարության վարչություններից մեկի պետի պաշտոնը, իսկ թե ո՞ր՝ նա չասաց:
168.am-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հայկ Հակոբյանն ասաց, որ Հ. Հայրապետյանը աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ: Նրա խոսքով՝ Հայկ Հայրապետյանը աշխատանքի վայրում խնդիրներ չի ունեցել, և այսօր աշխատանքի է գնացել նորմալ հոգեվիճակում:
ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակիցներն այժմ սթրեսային վիճակում են և ի վիճակի չեն որևէ տեղեկություն փոխանցել Հայկ Հայրապետյանի մասին:
Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը գտնվում է ՀՀ կատավարության մասնաշենքի 5-րդ հարկում, սակայն Հայկ Հայրապետյանը նետվել է 6-րդ հարկից, քանի որ 5-րդ հարկի պատշգամբի դուռը փակ է եղել: 6-րդ հարկում տեղակայված է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, և նախարարության աշխատակիցները, որոնք հրաժարվեցին ներկայանալ, մեզ հետ զրույցում ասացին, որ Հայկը հեռախոսով խոսելիս է եղել, և հեռախոսը թողել է պատշգամբի վրա, և ցած է նետվել: Սակայն, նրանց խոսքով՝ իրենք չեն տեսել, թե ինչպես է Հայկը նետվել ցած:
Լուսանկարը՝ emedia.am-ի