
Նոր հուշարձան Սյունիքի մարզկենտրոնում

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Կապանի քաղաքապետարանը նախատեսել է համայնքի տարածքում կանգնեցնել Ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան:
Այն տեղադրվելու է Բաղաբուրջի հուշահամալիրում` 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Կառուցվելիք հուշարձանը, քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանի խոսքով, պետք է ունենա պատմական հիշողությունը արթնացնող, կրթող ու դաստիարակող դեր: Այն իր մեջ պետք է հավերժացնի ցեղասպանության ճանաչման համար թե՛ մահապարտի ուղին ընտրած տղաների, և թե՛ այդ գործում աչքի ընկած գործիչների հիշատակը: Հուշարձանի բարձրությունը նախատեսվում է մինչև 4 մ, զբաղեցրած մակերեսը` մինչև 3,0 x 4,5 մ: Հուշարձանի իրականացման համար քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ:
Արմեն Մկրտչյան