Տիգրանակերտի տարածքում սարկոֆագ է հայտնաբերվել
Տիգրանակերտի այս տարվա պեղումներից ամենահետաքրքիրը, թերևս, եկեղեցին է: Այն հայտնաբերվել է միջնադարյան բազիլիկայից ոչ հեռու` կազմելով սալահատակված բակի շարունակությունը: Նորահայտ եկեղեցին չափերով զիջում է ավելի վաղ հայտնաբերվածին` 8.5 մ լայնություն եւ մոտ 17 մ երկարություն ունի: Առաջին եկեղեցին, որ Կովկասի ժամանակի ամենամեծ բազիլիկան է համարվում, ունի 11.5 մ լայնություն, մոտ 29 մ երկարություն: Այս մասին գրում է karabakh-open.info-ն:
Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի խոսքով՝ նոր եկեղեցին, հավանաբար, ավելի վաղ շրջանի կառույց է: Զույգ եկեղեցիների բակում խարիսխի հիմք է հայտնաբերվել, նաեւ խաչակիր սյան մնացորդներ: Ըստ հետազոտողների՝ այդ ամենը հուշում է, որ վաղ միջնադարյան Տիգրանակերտի քաղաքային հրապարակն է հայտնաբերվել, որը պաշտանմունքային նշանակություն ուներ:
Նորահայտ եկեղեցուն կից տապանաբակ կա, որտեղ սարկոֆագ է հայտնաբերվել: Տիգրանակերտի սարկոֆագն առաջինն է, որ Արցախում բացվում է հնագետների կողմից, ու թեեւ քրիստոնեական թաղումները հնագիտական հարուստ նյութով չեն առանձնանում, այս դեպքում սարկոֆագը յուրահատուկ նշանակություն է ստանում՝ կազմելով մեկ ընդհանուր հուշարձանի մի մասնիկը:
Ըստ կայքի՝ հաշվի առնելով, որ հանգուցյալը թաղվել է եկեղեցու պատին կից, մասնագետները կարծում են, որ նա հասարակ քաղաքացի չի եղել: