Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակը չգիտի՞, թե որտեղ է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը
Ադրբեջանական սահմանը չկողմնորոշվելու պատճառով հատած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանից տեղեկություններ ստանալու ակնկալիքով այսօր ԳԱԼԱ-ն կապ է հաստատել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հետ: Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հարցերին պատասխանել է կցկտուր:
Կայքը նախ հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է հայ ռազմագերին իրեն զգում: Ի պատասխան Սաբիրօղլուն միայն նշել է՝ շատ նորմալ:
Հարցին, թե այժմ որտե՞ղ է գտնվում Հակոբ Ինջիղուլյանը, խոսնակը, որքան էլ տարօրինակ է, պատասխանել է. «Չեմ կարող ասել, չգիտեմ»:
Սաբիրօղլուն ևս մեկ անգամ համոզված ընդգծել է, որ ադրբեջանական կողմը հայ ռազմագերու հետ կապված Ժնևյան կոնվենցիայի որևէ դրույթ չի խախտել:
ԳԱԼԱ-ի թղթակիցը Ադրբեջանի ՊՆ խոսնակին հիշեցրել է, որ համաձայն Ժնևյան կոնվենցիայի՝ զինգերին յոթօրյա ժամկետում պետք է իր ընտանիքի անդամներին ուղարկի բաց նամակ և տեղեկացնի իր որպիսությունն ու գտնվելու վայրը, այնինչ ադրբեջանական սահմանը պատահմամբ հատելուց հետո անցել է տասը օր, սակայն Հակոբից նրա ընտանիքի անդամները որևէ տեղեկություն չունեն (բացառությամբ ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի՝ Հակոբի հետ ունեցած հակաօրինական հարցազրույցը.- ԳԱԼԱ), իսկ ԿՄԽԿ-ի Ադրբեջանի գրասենյակից էլ, ինչպես հայտնի է՝ զինվորին չեն այցելել և չգիտեն, թե նրա առողջությունն ինչպես է:
Այս հիշեցմանը Ադրբեջանի ՊՆ խոսնակը որևէ կերպ չի կարողացել արձագանքել, միայն նշել է. «Я все»:
Կարդացեք այստեղ.