Facebook-ի միջոցով շփումը մարդկանց ավելի երջանիկ չի դարձնում
Նման եզրահանգման են եկել Միչիգանի համասարանում վերջերս անցկացված հետազոտության հեղինակները։ Հետազոտության արդյունքները տպագրվել են PLOS ONE ամսագրում:
Նրանք պնդում են՝ Facebook-ը մարդկանց հնարավորություն է տալիս ունենալ զգացողություն, որ իրենք միշտ կապի մեջ են, սակայն դա նրանց ավելի երջանիկ չի դարձնում։
Միչիգանի համասարանի հետազոտողների տվյալներով, որքան մարդը շատ ժամանակ է անցկացնում սոցիալական ցանցում, այդքան ցածր է նրա բավարարվածությունը սեփական կյանքից: Մարդիկ իրենց ավելի երջանիկ չեն զգում` վիրտուալ շփում պահպանելով հարյուրավոր մարդկանց հետ:
«Թվում է, թե Facebook-ը անգնահատելի հնարավորություն է տալիս բավարարելու մարդու հիմնական պահանջմունքներից մեկը` հաղորդակցվելու պահանջմունքը, սակայն կյանքից բավարարվածությունը բարձրացնելու փոխարեն, այն բերում է հակառակ արդյունքի` նվազեցնում է այն»,- ասում է սոցիալական հոգեբան Էթան Կրոսսը:
Ուսումնասիրության ժամանակ գիտնականները հարցում են կատարել Facebook օգտվող 82 չափահասների շրջանում, ովքեր իրենց էջեր մուտք գործելու հնարավորություն ունեն սմարթֆոնի միջոցով:
Արդյունքում պարզել են, որ որքան մարդը շատ է օգտագործում Facebook-ը, այդքան ցածր է եղել նրա բավարարվածության զգացումը: Այն դեպքում, երբ մարդու հետ դեմ առ դեմ կամ հեռախոսով շփումը լավացրել է փորձարկման մասնակիցների ինքնազգացողությունը: