
Անգլիացիները «Նաիրիտում» աուդիտ են անցկացնում

168.am-ը գրել էր, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների մեծ մասին ուղարկել են հարկադիր պարապուրդի, և որ դրա նպատակը, բացի գումարներ խնայելուց, նաև անգլիական մի ընկերության կողմից գործարանում անցկացվելիք աուդիտը հնարավորինս անաղմուկ անցկացնելն է:
Մեր տեղեկություններով՝ անգլիական «Ջեյքոբս» ընկերության ներկայացուցիչներն արդեն «Նաիրիտում» են: Այժմ գործարանում մնացել են միայն արտադրամասերի պետերը և վարչական կազմը, բոլոր բանվորները հարկադիր պարապուրդում են: Ընդ որում՝ անգլիացիների աշխատանքն առանձին խմբերով այնպես է կազմակերպվել, որ մեկը մյուսի անելիքը չի իմանում, և նպատակը միայն կազմակերպչներին է հայտնի: Սակայն «Նաիրիտում» թևածում է «փակման ուրվականը», և աշխատակիցների մոտ համոզվածություն կա, որ այս աուդիտի նպատակը մեկն է՝ հիմքեր ստեղծել գործարանը փակելու համար:
Ի դեպ, գործարանի տնօրեն Հովհաննես Հախինյանը այնքան է զբաղված անգլիացիների ընդունելությամբ, որ դեռևս ժամանակ չի գտել այս ամսվա 5-ին ուղարկված հարկադիր պարապուրդի վերաբերյալ մեր հարցերին պատասխանելու համար: