
Հերթական սնկային թունավորումը Վանաձորում

Օգոստոսի 11-ին սնկային թունավորման հերթական դեպքն է գրանցվել Վանաձորում: Ժամը 13:50-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխել սնկային թունավորում կասկածանքով Վանաձոր քաղաքի Սունդուկյան 57 հասցեի բնակիչներ՝ 1960թ. ծնված Հայկ Վերանյանին և 1984թ. ծնված Վազգեն Վերանյանին: Ըստ բժիշկ Մարտիրոսյանի` հիվանդների վիճակը ծանր է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորում գրանցվել են սնկային թունավորման բազմաթիվ դեպքեր: Մասնագետները հերթական անգամ կոչ են անում պահպանել անվտանգության կանոնները սունկ հավաքելուց, պատրաստելուց և օգտագործելուց: Նշված բոլոր թունավորումները եղել են սեփական ձեռքերով հավաքված և պատրաստված սնկերից: Վանաձորցիների կարծիքովէ թունավորումները եղանակի և ուլտրամանուշակագույն ճառագայթների պատճառով են գրանցվում, կամ էլ, ինչպես իրենք են նշում՝ «Երևի օդն ա կեղտոտ…»: Տուժածները մեզ հետ զրույցում հավաստում են, որ իրենք մշտապես օգտագործել են նմանատիպ սնկեր, սակայն երբևե չեն թունավորվել: Հիվանդանոցային համալիրի բուժանձնակազմն էլ իր հերթին հորդորում է` թունավորման ախտանիշներ նկատելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության: