Ուղեկցող գումարտակի ոստիկանի անփութության պատճառով կալանավորը դիմել է փախուստի

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 13-ին կշարունակվի ուղեկցող գումարտակի ոստիկան Հ. Հ.-ի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ավագ ոստիկանի պաշտոնում:

«18.04.2012թ. նշանակված լինելով քրեական գործով մեղադրյալ Ա. Կ.-ին դատարան ուղեկցելու համար կազմված ուղեկցող պահակախմբում որպես ավագ և պատասխանատու, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով, պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները, որի արդյունքում դատարանի նկուղային հարկում տեղակայված խցում գտնվող կալանավոր Ա. Կ.-ն մնալով հսկողությունից դուրս, բացելով խցի դուռը դիմել է փախուստի»,- ըստ datalex-ի՝ նշված է մեղադրական եզրակացության մեջ:

Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: (Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով): Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս