Բաժիններ՝

Ապրում էինք միմյանց ջերմությամբ. Մանկատան նախկին սանը ՀՀ նախագահից օգնություն է խնդրում

Վանաձորի մանկատան նախկին սան Թագուհի Քոչարյանը, որի նորաստեղծ ընտանիքի դառը ճակատագրի մասին Panorama.am-ն ավելի վաղ ներկայացրել է, այսօր նամակ է գրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` խնդրելով վերանայել վճիռը և արդար որոշում կայացնել:

Կայքը հիշեցնում է, որ Թագուհի Քոչարյանը նույն մանկատան նախկին սան Ռոման Կուդաշինի կինն է: Կուդաշինը 4 տարի ազատազրկման էր դատապարտվել 150 հազար դրամ գնահատված երաժշտական կենտրոնը Վանաձորի մանկատնից երկու ընկերների հետ գողանալու համար: Այժմ նա հետախուզման մեջ է: Կինը` Թագուհին բոլոր հնարավոր միջոցները փորձում է օգտագործել, որ ապացուցի, որ իր ամուսինը չի կատարել գողություն: Նշենք, որ դատարանում այդպես էլ չի պարզվել, թե որ օրն է կատարվել գողությունը, չի բացահայտվել Կուդաշինի մատնահետքերի առկայությունը երաժշտական կենտրոնի վրա, իսկ նրա ընկերներն էլ դատարանում ցուցմունք են տվել, որ Կուդաշինը իրենց հետ գողություն չի կատարել:

Ներկայացնում ենք Թագուհու նամակը պաշտոնատար անձանց, որը հրապարակվել է Panorama.am-ում.

«Հարգելի պաշտոնատար այրեր.

Ձեզ դիմողը Վանաձորի մանկատան նախկին մի սան է, ով մանկատնից դուրս գալով իր հետագա բախտը կապեց նույն մանկատան մեկ այլ սանի` Ռոման Վլադիրմիր Կուդաշինի հետ, ով աշխատում էր «ՀԷԿ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղում: Մեր նորաստեղծ ընտանիքում ամուսիններով կարծես թե երջանիկ էինք, ապրում էինք մեկս մյուսին հենարան տեսնելով, քանի որ երկուսս էլ ծնողազուրկ էինք, դժվարություններ տեսած, ծնողական խնամքից ու դաստիարակությունից զրկված, սակայն դրա կարիքը խիստ զգացել ենք մշտապես և մեկս մյուսի նկատմամբ ցուցաբերած հոգատարությամբ ու ջերմությամբ աշխատել ենք լրացնել ծնողական այդ բարձր զգացմունքները:

Ավա~ղ, ամուսնուս նկատմամբ անհիմն հարուցած քրեական գործը խաթարեց մեր ընտանիքը, մեր հույսը, հավատը ապագայի նկատմամբ, քանի որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2012թ.-ի դատավճռով հաստատվեց նախաքննական մարմնի հարուցած այն անհիմն մեղադրանքը, որով ամուսնուս մեղադրել էին ՀՀ Քր. Օրենսգրքի 177 հ. 3 մ. 1.1 կետով, մի մեղադրանք որում չկար նրա մեղքը: Այս անհիմն դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ուղարկվել ամուսնուս և նրա պաշտպանի կողմից ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որը 30 րոպեում ուժի մեջ թողեց ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` մերժելով ամուսնուս վերաքննիչ բողոքը, իսկ ՀՀ Վճռաբեկ Դատարանը վերադարձրեց նրա վճռաբեկ բողոքը, (ինչպես արվում է համարյա մշտապես վճռաբեկ դատարանի կողմից) այդ այն դեպքում, երբ տվյալ մեղադրանքը կառուցվել էր ենթադրությունների, ճնշումների, բռնությունների հիման վրա:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի քանի կոպիտ խախտումների վրա, որոնց չեն ցանկացել նկատել թե´ քննիչը, և թե´ դատարանները:

Այն է.

1. ոստիկանությունում ամուսնուս խփել են, հայհոյել,

2. սկզբնական շրջանում թույլ չեն տվել օգտվել փաստաբանի ծառայությունից, վերցնելով նրանից ձեռքի հեռախոսը, որ հնարավորություն չունենա կապի միջոցով հաղորդակցվի ինձ հետ, իր մտերիմների հետ,

3. ամուսնուս սիստեմատիկ ոստիկանություն կանչելու, նաև ինչու չէ սթրեսների պատճառով ես զրկվեցի պատշաճ բժշկական օգնություն ստանալուց, որի արդյունքում երկու անգամ կորցրել եմ երեխա ունենալու հնարավորությունը:

Գործում կան նաև այլ կոպիտ խախտումներ, որոնց ծանոթանալու դեպքում միայն կհամոզվեք:

Ձեր ուշադրությունը հրավիրելով այս քրեական գործի վրա, խնդրում եմ հաշվի առեք և օգնեք ամուսնուս, որ նա անհիմն չմեկուսացվի: Պահանջում եմ վճռաբեկ բողոքի վերանայում:

Հարգանքներով` Վանաձոր քաղաքի Հ. Էմինի 9 հացսեի բնակիչ
Թագուհի Քոչարյանից»:

Լուսանկրարը՝ panorama.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս