Բաժիններ՝

Իլհամ Ալիևը խոշոր գումարներ է ծախսում նրա վրա, որ իրեն շատ լավ վերաբերեն արտասահմանում. Իբրահիմբեկով

Georgian Times պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանական ընդդիմության կողմից նախագահի միասնական թեկնածու հռչակված Ռուստամ Իբրահիմբեկովն անդրադարձել է իրեն աջակցող ուժերին.

«Իմ մեծագույն ձեռքբերումն այն է, որ ինձ աջակցում են ԺՈՒԱԽ-ի մեջ մտնող Ռասուլ Գուլիևը, «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարը, ինչպես նաև Լալա Շովքեթը: Մինչդեռ միլիարդատերերը չեն աջակցում ինձ, քանի որ ընդհանրապես որևէ կապ չունեն քաղաքականության հետ և անգամ մեծապես վախենում են նրանից:

Նույն Միլիարդատերերի ակումբի մեջ է մտնում նախագահ Ալիևի մերձակա շրջապատը՝ Վահիդ Ալեկպերով, Արազ Աղալարով, Իսքանդար Խալիլով: Այդ ակումբից քաղաքական ակտիվություն է ցուցաբերում միայն Սոյուն Սադիկովը.

դժբախտաբար, այդ մարդիկ չեն օգնում մեզ: Նրանք ցուցադրաբար ձգտում են որևէ կապ չունենալ մեզ հետ, այսինքն ընդհանրապես դադարել են շփվել անգամ ինձ հետ: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ես այնտեղ բավական հանրաճանաչ մարդ եմ, ես այնտեղ ստացել եմ մրցանակներ ու պարգևներ:

Դա կապված է նաև նրա հետ, որ հրաժարվեցի Ֆրանսիայի ամենաբարձր պարգևից (արվեստի ոլորտում պատվո լեգեոնի շքանշանից), քանի որ Ֆրանսիայում քննարկվում էր Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը:

Ես կարծում եմ, որ դրանք շատ ցավալի իրադարձություններ են: Իմ ցավակցություններն եմ հայտնում թե՛ հայ, թե՛ թուրք ժողովրդին, քանի որ զոհվել են մեծ թվով մարդիկ: Ցեղասպանություն ձևակերպումը միայն գիտնականների, քաղաքական գործիչների և այլոց գործն է:

Սակայն մի երկրում, որին ես մշտապես համարել եմ ժողովրդավարության հայրենիք, անհեթեթություն է միայն ցեղասպանությունը չընդունելու համար մարդկանց հետապնդելու մասին օրենք ընդունելը: Դա նշանակում է, որ եթե ես գալիս եմ Ֆրանսիա, ապա կարո՞ղ են ինձ կամ մեկ այլ մարդու բանտարկել:

Ահա դրա դեմ ես բողոքեցի: Պետք է նշեմ, որ այդ պարգևներից ունեն թուրք մշակութային գործիչներից ու արվեստագետներից շատերը, սակայն միայն ես հրաժարվեցի դրանից: Թուրքիայում մեծ նշանակություն տվեցին դրան: Բարեբախտաբար, չընդունվեց այդ օրենքը: Տեսնենք, թե ինչպիսին կլինի Թուրքիայի հետագա վերաբերմունքը:

Իլհամ Ալիևը շատ մեծ գումարներ է ծախսում նրա վրա, որ իրեն շատ լավ վերաբերեն արտասահմանում: Ես դա զգացի թե՛ Ամերիկայում, թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում: Եվրոպայում դա անվանվում է խավիարային դիվանագիտություն:

Եվրախորհրդարանի բազմաթիվ անդամներ մեղադրվում են նրանում, որ Ադրբեջանի օգտին որոշումներ են կայացնում հենց նրա համար, որ Ադրբեջանի իշխանությունները լավ են աշխատել տվյալ ուղղությամբ: Նույն իրավիճակն է Ռուսաստանում:

Երբ Իլհամ Ալիևը խոսում է, որ հանդես է գալիս երկրում կայունության օգտին, մենք նույնպես հանդես ենք գալիս կայունության օգտին, և կոչ ենք անում, որ ժողովուրդն ընտրությունների միջոցով ինքը վճռի իր ճակատագիրը:

Եթե ընտրությունները կեղծվեն հերթական անգամ, ապա չի բացառվում, որ դա կառաջացնի համաժողովրդական վրդովմունք, ինչը շատ է վախեցնում ինձ: Ես շատ կցանկանայի խուսափել դրանից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս