
Ամբաստանյալի մայր. «Բանդա»-ի իրական պարագլուխը Ալիկ Սարգսյանն է

«Երևանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդա»-ի պարագլուխը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է բանդայի անդամ համարվող Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: «Իրական մեղավորներին մեջից հանել է, իսկ իմ էրեխուն մտցրել է մեջ»,- ավելացրել է Կարինե Ամոյանը: Նա ասել է, որ իր տղան և մյուս անմեղները օրենքի առաջ են պատժվում, իսկ իրական մեղավորները՝ Աստծո կողմից: «Մենք օրենքի ձեռն ենք դատվում, իսկ իրանք՝ Աստծո»,- նշել է Քյարամ Ամոյանի մայրը:
Նա նաև տեղեկացրել է, որ որդին Նուբարաշենի հոգեբուժարանից տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց: Ըստ նրա՝ անծանոթ անձինք որդուն ահռելի քանակությամբ ուտելիքներով ծանրոցներ են ուղարկել, ինչը կասկածներ է հարուցել և որդին չի կերել՝ մտածելով, որ դա իր ընտանիքի անդամների ուղարկած ծանրոցը չէ:
Կարդացեք այստեղ.