Ամերիկացին Facebook-ով հայտնել է կնոջը սպանելու մասին և տեղադրել լուսանկար (տեսանյութ)
Վեճի ժամանակ կնոջ վրա կրակած ամուսինը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է կնոջ մահացած նկարը և անկեղծ խոստովանություն: Այս մասին գրում է lifenews.ru-ն: Ոստիկանությունը 31- ամյա Մայամի Դերեկա Մեդինային ձերբակալել է վերջինիս կնոջ` Ջենիֆեր Ալֆոնսոյի լուսանկարը սոցիալական ցանցում հրապարակելուց անմիջապես հետո:
«Կնոջս սպանելու համար ինձ բանտարկություն է սպասվում կամ մահապատիժ: Սիրում եմ ձեզ և կկարոտեմ: Պահպանեք ձեզ, երեխաներ, դուք ինձ լրատվական թողարկումներում կտեսնեք: Իմ կինը ծեծում էր ինձ, և ես այլևս չէի պատրաստվում հանդուրժել դա: Ես արել եմ այն, ինչ արել եմ: Հուսով եմ` դուք ինձ կհասկանաք»,- գրել է 31-ամյա տղամարդը կնոջ լուսանկարի տակ:
Լուսանկարից պարզ է դառնում, որ կինը պառկած է անկյունում, նրա գլուխն ու ձեռքերն արյան մեջ են: «Փաստը մեզ հայտնի դառնալուց հետո, մենք արգելափակել ենք Դերեկա Մեդինայի Facebook-ի անձնական էջը և ջնջել ենք լուսանկարը»,- հայտարարել են Facebook-ի ներկայացուցիչները:
Իրավապահները, սոցիալական ցանցում հաղորդագրության հայտնվելուց անմիջապես հետո, ամուսնական զույգի տուն մտնելով, խոհանոցի հատակին հայտնաբերել են 26-ամյա Ջեննիֆեր Ալֆոնսոյի մարմինը:
31-ամյա տղամարդը հայտնել է, որ առավոտյան՝ ողբերգությունից առաջ, ինքն ու կինը լուրջ վիճել են: Ջեննիֆերը հայտնել է ամուսնուն վերջինիցս հեռանալու մասին, որից հետո ամուսինը վերցրել է ատրճանակը: Մեդինային հաջողվել է վնասազերծել կնոջը, սակայն վերջինս շարունակել է բռունցքներով ծեծել ամուսնուն, ով էլ արձակել է պատասխան կրակոց:
Ողբերգության ժամանակ տանը գտնվել է նաև նրանց 10-ամյա դուստրը: Նա թաքնվել է հարևան սենյակում: Քննիչների փոխանցմամբ` աղջիկը չի տուժել: Նույն աղբյուրի փոխանցմամբ` երբ տղամարդը հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել, մեկնել է ծնողների տուն և պատմել կատարվածի մասին, ինչից հետո ֆեյսբուքյան իր էջում հանդես է եղել մեղայականով և հրապարակել է կնոջ լուսանկարն ու զանգահարել ոստիկանություն:
Ավելի վաղ Դերեկ Մեդինան սոցիալական ցանցերում հայտնի է եղել որպես ընտանեկան հոգեբանության մի քանի գրքերի և անձի անհատական զարգացման ձեռնարկների հեղինակ: