Բաժիններ՝

Հայաստանում պատիժ է կրում 4 780 դատապարտյալ

Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ կալանավորվածների և ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտյալների թիվը կազմել է 4 780, ինչը 92-ով ավելի է անցյալ տարվա հուլիսի 1-ի ցուցանիշի համեմատ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Պատժի հետագա կրման նպատակով ինչպես 2012թ., այնպես էլ 2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստան դատապարտյալներ չեն փոխանցվել: Մինչդեռ 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանն են հանձնվել Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող 4, իսկ Վրաստանի Հանրապետությանը և Իսպանիայի Թագավորությանը` 1-ական դատապարտյալներ: Ընդհանուր առմամբ 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվել են 143 օտարերկրյա քաղաքացիներ:

ՀՀ դատախազության կոլեգիայի օգոստոսի 7-ի նիստում, ամփոփելով 2013 թ. առաջին կիսամյակի ընթացքում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտում կատարված աշխատանքները, այս մասին իր զեկույցում, մասնավորապես, նշել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

Ըստ նրա, 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 834 անձ, որից 484-ը՝ պատիժը լրիվ կրելու, 155-ը` պայմանական վաղաժամկետ կարգով, 5-ը` ներմամբ, 83-ը` խափանման միջոց կալանքը փոխելու, 102-ը` դատարանի դահլիճից, 4-ը` հիվանդության պատճառով: Տարբեր հիվանդություններից մահացել է 8 դատապարտյալ (2012թ. առաջին կիսամյակում 17-ը), որից 2-ը Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում (2012թ. առաջին կիսամյակում` 8-ը):

Հուլիսի 1-ի դրությամբ ազատազրկման վայրում են գտնվել 207 կին (2012թ. առաջին կիսամյակում` 195), որից 18-ը` սպանության, 8-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 43-ը` խարդախության, 15-ը` կավատության, 16-ը` գողության, 26-ը` թմրամիջոց իրացնելու մեղադրանքով: Նույն ժամանակահատվածում անազատության մեջ են գտնվել 27 անչափահաս (2012թ. առաջին կիսամյակում 33), որոնցից 3-ը` սպանության, 5-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 11-ը` ավազակության, 4-ը` գողության մեղադրանքով:

Ընդհանուր առմամբ 12 քրեակատարողական հիմնարկներում 2012թ.-ի առաջին կիսամյակում արձանագրված հանցագործությունների 35 դեպքի դիմաց 2013թ.-ի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 69 անձանց կողմից կատարված 63 հանցագործություն, այդ թվում` թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության՝ 38 (2012թ.- ի առաջին կիսամյակում 22), առողջությանը թեթև վնաս պատճառելու՝ 4, ծեծի՝ 5, խարդախության՝ 3, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու՝ 1 դեպք:

Հանցագործություն կատարած անձանցից 63-ը եղել են դատապարտյալներ, 6-ը` այլ անձինք: Նրանցից 3-ը կանայք են:

Քրեակատարողական հիմնարկներում սպանության, դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել:

Ըստ Ա.Թամազյանի, դեռևս մեծ թիվ են կազմում ՔԿՀ-ներում շրջանառությունն արգելված իրերն ու առարկաները: Ռեժիմային միջոցոռումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 761 միավոր կտրող-ծակող գործիք, 1174 հատ բջջային հեռախոս: Ներքին կանոնակարգը խախտելու համար 525 դատապարտյալների նկատմամբ որպես տույժ է նշանակվել պատժախցում պահելը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս