2008 թվականի օգոստոսին թևավոր հրթիռներով ամերիկյան ռազմանավն անցել է Բոսֆորի նեղուցով. Սաակաշվիլի
Ուկրաինական ZIK հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահեցրել է, որ 2008 թվականի օգոստոսյան հակամարտության ժամանակ Թուրքիայում ամերիկյան ավիացիան բերվել է լիովին մարտական պատրաստության, իսկ ամերիկյան նավատորմի ռազմանավերը, որոնցից մեկն ունեցել է թևավոր հրթիռներ, շարժվել են Վրաստանի ուղղությամբ:
Սաակաշվիլիի խոսքերով՝ ռազմանավերից մեկում թևավոր հրթիռների առկայության մասին իրեն հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին. «Երբ ԱՄՆ 6-րդ նավատորմը շարժվեց դեպի Վրաստան, երբ նրա ֆլագմանն անցավ Բոսֆորի նեղուցով, ապա, բնականաբար, նա զինված էր թևավոր հրթիռներով:
Ինձ այդ մասին ուղիղ ասաց փոխնախագահ Չեյնին. «Դու հասկանում ես, որ մենք բերել ենք, ոչ թե խմելու ջուր, այլ՝ շատ ավելի լուրջ բեռ»: Երբ ԱՄՆ նախագահ Բուշը ժամանեց Վաշինգտոն, ապա նրանք լիովին մարտական պատրաստության բերեցին Թուրքիայում եղած ավիացիան, հավելյալ ինքնաթիռներ բերվեցին Ռումինիայում իրենց բազաներ»:
Հիշեցնենք, որ 1936 թվականին կնքված Մոնտրեի կոնվենցիայում, որով կանոնակարգվում էր սևծովյան նեղուցներով խաղաղ և պատերազմական ժամանակ ռազմանավերի անցումը, նշված է, որ պատերազմի ժամանակ, որին չի մասնակցում Թուրքիան, նեղուցները պետք է փակ լինեն պատերազմում ներքաշված կողմերից յուրաքանչյուրի ռազմանավերի անցման համար: