Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան շահավետ գործարք է առաջարկել Ռուսաստանին՝ կապված Սիրիայի հետ. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան Ռուսաստանին առաջարկել է էներգետիկ ոլորտի երաշխիքներ և զենքի շահավետ գործարքներ, ինչի դիմաց վերջինս պետք է հրաժարվի ՄԱԿ ԱԽ-ում Սիրիային աջակցելուց:

Այս մասին գործակալությանը հայտնել են նրա իրազեկ աղբյուրները: Վերջիններիս հաղորդմամբ՝ այդ առաջարկն արվել է ոչ վաղ անցյալում, երբ սաուդյան արքայազն Բանդարը ոչ պաշտոնական այցով ժամանել էր Մոսկվա:

Արքայազնը, ով իր հայրենիքում պատասխանատու է հատուկ ծառայությունների ու արտաքին քաղաքականության համար, բանակցություններ է վարել ռուսական բարձրագույն ղեկավարության հետ, որի ժամանակ էլ ներկայացրել է հնարավոր գործարքի մանրամասները:

Սաուդյան Արաբիան պատրաստ է Ռուսաստանից գնել 15 միլիարդ դոլարի զենք և երաշխավորել, որ Սիրիայի տարածքով Եվրոպա չեն ձգվի գազամուղեր, որոնք կխաթարեն եվրոպական շուկայում Ռուսաստանի դիրքերը:

Դրա դիմաց Մոսկվան պետք է ՄԱԿ ԱԽ-ում վետո չդնի Սիրիական հակամարտությանն առնչվող բանաձևերի նախագծերի վրա: Գործակալության սիրիական իրազեկ աղբյուրը հայտնել է, որ արքայազն Բանդարը բանակցությունների ժամանակ փորձել է լուծել Ռուսաստանի երկու գլխավոր մտահոգությունների հարցը:

Խոսքը Սիրիայում ընդդիմության հաղթանակի դեպքում իսլամական ծայրահեղականության հնարավոր ծաղկման, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական երկրներից դեպի Եվրոպա էներգակիրների համար նոր խողովակաշարարի կառուցման մասին է:

Գործակալության տվյալներով՝ սկզբնական շրջանում բանակցությունները ծանր են ընթացել, քանի որ Մոսկվան չի ցանկացել վաճառել Մերձավոր Արևելքում իր վերջին դաշնակցին՝ անգամ շատ շահավետ պայմանագրերի դիմաց, սակայն արդյունքում կողմերը գտել են շփման եզրեր:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում լայն կապեր ունեցող լիբանանյան անանուն աղբյուրը հայտնել է, որ սաուդյան պատվիրակությունը Մոսկվան լքել է հիանալի տրամադրությամբ:

Նշվում է, որ 2008 թվականին Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան համաձայնագիր են նախաստորագրել Т-90 տիպի 150 միավոր տանկի, ինչպես նաև Ми-17 և Ми-35 տիպի 100 միավոր ուղղաթիռի առքուվաճառքի վերաբերյալ, սակայն անորոշ պատճառներով այդ պայմանագիրը ցայժմ չի իրագործվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս