Բաժիններ՝

Անի Ռաշոյան. «Արվեստասեր ու արվեստի ծարավ ունեցող մարդը միշտ էլ ժամանակ կգտնի գեղեցիկը գնահատելու համար»

Գյումրիի` 2013 թվականի մշակութային մայրաքաղաք լինելու փաստը շատերին է հույս ներշնչում, որ քաղաքը վերջապես վերածննդի ուղին կարող է բռնել: Փոփոխություններ զգում են բոլորը, սակայն դրական փոփոխությունների կողքին ակնառու երևում է քաղաքի ` սոցիալական բարդ իրավիճակում գտնվելը: Քաղաքը գնալով դատարկվում է, մարդիկ հեռանում են` չտեսնելով հեռանկար և ապագան կառուցելու հնարավորություն: Սակայն, չնայած դրան, քաղաքի նվիրյալների թիվը չի նվազում. տարբեր ոլորտներում կարող ենք տեսնել նվիրյալ երիտասարդների, մարդկանց, քաղաքացիների, ովքեր կառչած իրենց հողից` հրաժարվում են համակերպվել ու ձգտում են ինքնուրույն փոփոխել այն, ինչ սխալ են համարում: Քաղաքի մշակութային ներուժը բավական մեծ է. արվեստի տարբեր ճյուղերում կտեսնենք նվիրյալների ու իրենց գործը պաշտող մարդկանց: Թե որքանով է Գյումրիի սոցիալ տնտեսական ներկա իրավիճակը իր ազդեցությունը թողնում քաղաքի մշակութային անցուդարձի վրա` զրուցեցինք ծնունդով գյումրեցի, երիտասարդ  նկարչուհի Անի Ռաշոյանի հետ:

Ani-Gyumri (2)

Ani-Gyumri (3)

– Անի, ըստ քեզ որքանո՞վ է Գյումրիի ներկա սոցիալական բարդ վիճակը խանգարում գյումրեցիներին ավելի սերտ կապ ունենալ արվեստի և առհասարակ մշակույթի հետ:

Կարդացեք նաև

– Գյումրին ու Գյումրիի բնակիչները կամա թե ակամա սերտ կապ ունեն արվեստի հետ: Դա մեր արյան մեջ է, այսինքն` հոգևոր կապը միշտ առկա է: Իսկ սոցիալական վիճակը, անխոս, բացասական հետևանքներ է թողնում. մարդիկ, տարված իրենց հոգսերով, ժամանակ չեն գտնում ավելի շատ ինֆորմացիա ստանալու, ավելի շատ ուսումնասիրելու համար ներկա մշակութային անցուդարձը: Դա բնորոշ է ոչ միայն Գյումրիին: Արվեստասեր ու արվեստի ծարավ ունեցող մարդը միշտ էլ ժամանակ կգտնի գեղեցիկը գնահատելու համար: Բայց այն, ինչ ունի գյումրեցին, ոչ բոլորին է բնորոշ. ամեն ինչին չափից դուրս քննադատորեն վերաբերվելն ու քննադատ հանդիսատես լինելը շատ կարևոր հատկանիշ է սեփական դեմքը չկորցնելու համար: Գյումրեցին երբեք չի ընդունել և հուսամ` ապագայում էլ չի ընդունի ներկայումս մոդայիկ համարվող օտարածին, վատը սերմանող խեղկատակությունները, որը, ցավոք սրտի, արվեստ են կոչում …

– Որպես ծնունդով գյումրեցի ստեղծագործող` ի՞նչ ազդեցություն է թողել քաղաքը  քո աշխատանքների թեմատիկայի և քո վրա:

– Ծնունդով Գյումրեցի լինելը, նախևառաջ, ինձ համար մեծ պատիվ է: Ես սնվում եմ իմ հող ու ջրից, ստեղծագործելու համար շատ «բերրի հող է» Գյումրին, կապ չունի ինչ վիճակում է քաղաքը, կապ ունեն արմատները և սերմերը, որոնք դեռ բազում ծիլեր են տալու: Ես հավատում եմ դրան: Շատերը կարծում են, թե Գյումրիի գույները գորշ են, բայց դա բնավ այդպես չէ. այնքան գույներ կան, որոնք պիտի վերածնվեն, այնքան կոլորիտ կա այս քաղաքի մեջ… ուղղակի տեսնել է պետք: Երևի արվեստագետի առաքելությունը կայանում է հենց դրանում` փորձել ցույց տալ այն, ինչ մարդիկ չեն նկատում:

Ani-Gyumri (5) - Copy

– Ի՞նչ կարծիքի ես, մշակութային շունչ Գյումրիում մնացե՞լ է, կա՞, թե՞  վերածնման փուլում է:  Ի՞նչ արձագանքներ ու կարծիքներ ես լսել Գյումրիում ձեր կազմակերպած ցուցահանդեսների մասին:

Ani-Gyumri (1)

– Մշակութային շունչը քաղաքում առկա է անխոս, ուղղակի պետք է  ամեն ինչ ճիշտ հունով ընթանա. պետք է շատանան վայրերը, որտեղից իրոք արվեստի համ ու հոտ կգա, որ քաղաքը շնչի, նոր սերունդը զգա ու պահպանի իր արմատները, իր հարստությունը, գիտակցի` ինչ հողի վրա է ապրում: Գյումրիում ներկայումս ակտիվություն կա ցուցահանդեսների կազկապերպման տեսանկյունից, նոր-նոր քայլեր են արվում սկսնակ ստեղծագործողների աշխատանքները ցուցադրելու, ստեղծագործողներին ոգևորելու առումով: Մեր ցուցահանդեսների վերաբերյալ արձագանքները շատ տարբեր են եղել ու դա  բնական է: Բայց դրական արձագանքները գերակշռում են: Ուրեմն ճիշտ ուղու վրա ենք:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս