
Ինչո՞ւ է ինքնասպան եղել Վարդաշատի գյուղապետարանի 28-ամյա աշխատակիցը. մամուլ

««Ժողովուրդի» տեղեկություններով՝ օգոստոսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վարդաշատ գյուղում: Ինքնասպան է եղել համայնքապետի աշխատակազմի ղեկավար Հակոբ Հակոբյանը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.
«Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև համայնքի ղեկավար Արգամ Կարապետյանը. «Հակոբն ընդամենը 28 տարեկան տղա էր, ուներ երկու անչափահաս երեխա: Ընտանիքն ապրում էր շատ վատ պայմաններում, քանի որ տան միակ աշխատողը Հակոբն էր»:
Իսկ ի՞նչը կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ. «Ժողովուրդի» հարցին ի պատասխան՝ համայնքի ղեկավարն ասեց. «Մի քանի տարի առաջ նա քաղաքում վիճաբանություն էր ունեցել, նրան դանակահարել էին: Ասում են, որ այդ դանակից վարակ էր անցել Հակոբի աղիների մեջ: Դեպքից հետո նա երկար անկողնային վիճակում պառկեց և անհույս էր՝ կարծելով, թե այլևս չի բուժվի: Նա այնպիսի օր է ընտրել դեպքի համար, որ հայրը տանը չլինի: Ընտանիքի անդամներին ասել է, թե գնում է պետքարան ու այնտեղ էլ տուկի թելով կախվել է»: Կարապետյանը նաև հավելել է, որ դեպքը ցնցել է ողջ գյուղը»: