Բաժիններ՝

Ֆելիքս Ալիև. Հայաստանում ինձ օտար չեմ զգում

Ֆելիքս Ալիևն ազգությամբ ադրբեջանցի է, ապրում Էջմիածնում, աշխատում Էջմիածնից 5 կմ հեռավորության վրա գտնվող Գեղակերտ գյուղի մարզադպրոցում: Ունի 13-24 տարեկան շուրջ 40 սան:

Վաստակավոր մարզիչը պատրաստել է 33 սպորտի վարպետ. նրանցից երկուսը` միջազգային կարգի: Սպորտի վաստակավոր վարպետ Յուրի Սարգսյանը, որ 1982-83-ին դարձել է աշխարհի չեմպիոն ու սահմանել համաշխարհային ռեկորդ, նրա սանն է: Ալիևը հավաստիացնում է` աշխարհին դեռ բազմաթիվ չեմպիոններ է տալու:

«Եթե իմ սաները երես թեքեին ինձանից, կհեռանայի: Բայց նրանք ինձ ամուր թիկունք կանգնեցին: Նրանց սերն ու հարգանքն ինձ ուժ է տալիս: Հայաստանում ինձ օտար չեմ զգում»,- պատմում է նա: Ալիևը պատմում է, թե ինչպես 80-ականների վերջերին ու 90-ականների կեսերին նրա սաները սպասում էին, մինչև պարապմունքները դպրոցում ավարտվում էին և օրվա վերջում նրան ուղեկցում տուն: «Այդ ժամանակ մեր երկրների միջև հարաբերությունները շատ վատն էին, մարդիկ էլ էին իրար ատում, բայց ինձ հայերը չատեցին. Իհարկե, այլ հայացքով էին նայում, չէ՞ որ ես ադրբեջանցի էի, բայց միևնույն ժամանակ տեսնում էին, թե որքան հայ ընկերներ ունեմ, իմ սաներն ինձ որքան է նվիրված և այդ ատելությունը կարծես թե կոտրվում էր»,- հիշում է Ալիևը:

Նրա կինը` տիկին Ջուլյան, հիշում է, երբ Ֆելիքսն իրեն սիրո խոստովանություն ու ամուսնության առաջարկություն արեց, վերջում հավելեց. «Բայց ես ադրբեջանցի եմ, Ջուլյա»: «Ես էլ ասացի՝ ազգությունն ի՞նչ կարևոր է, մարդս մարդ լինի»:

Արդեն մի քանի տասնամյակ նրանք միասին են: Տիկին Ջուլյան պատմում է, որ երբևէ չեն վիճել, կռվել, ապրել են սիրով ու համերաշխ: «Հպարտացել եմ, որ ամուսինս հասել է բարձունքների»,- ասում է ու ցույց տալիս շքանշանները, մեդալները, պատվոգրերը, գրքերն ու ամսագրերը, որոնք Ֆելիքսի անցած ուղու լուռ վկաներն են:

Ֆելիքս Ալիևի նախնիները Հայաստան են գաղթել Պարսկաստանից: Հայրը` Ասկար Ալիևը 1936-ին ամուսնացել է Եպրաքսյա Դանիելյանի հետ:

«Հայրս հրաշալի կլառնետ էր նվագում: Էջմիածնում բոլորն էին ճանաչում Ուստա Ալիին: Նա ներկա էր բոլոր հարսանիքներին»,- ասում է տիկին Ջուլյան ու ցավով  հիշում, թե ինչպես էր սկեսրայրն ընկճվում ազգամիջյան ընդհարումների ժամանակ:

Ֆելիքսը պատմում է, որ ամաչում էր իր ազգակիցների փոխարեն: Սումգայիթի ու Բաքվի դեպքերը ցնցեցին Ալիևների ընտանիքը: Տիկին Ջուլյան պատմում է, որ այդ ժամանակ ամուսինն ու սկեսրայրն ամաչում էին մարդկանց աչքերի մեջ նայել, կարծես իրենք մեղավոր լինեին իրենց հայրենակիցների դաժանության ու մարդասպանության համար: Տանտիկինը հիշում է, որ Բուդապեշտում հայ զինվոր Գուրգեն Մարգարյանի սպանության մասին լուրն իմանալուց հետո Ֆելիքսը բարձրաձայն լացում էր:

Մարզվելուց բացի՝ Ալիևը շատ է սիրում գիրք կարդալ, սիրելի հեղինակը Չարենցն է: Ֆելիքսի սիրելի զբաղմունքներից է նաև օրագրում գրառումներ կատարելը: Հիմնականում գրում է կարգախոսներ, որոնցով առաջնորդվում է կյանքում:

«Մարդը, անկախ իր ազգային պատկանելությունից, պետք է գործի հանուն համամարդկային շահերի, լինի ոչ թե ազգայնամոլ, այլ ինտերնացիոնալիստ»: Ալիևը խոստովանում է, որ միշտ առաջնորդվել է օրագրում գրված այս ու բազմաթիվ այլ կարգախոսներով:

Ֆելիքսն իրեն համարում է քրիստոնյա. սիրելի եկեղեցին` սուրբ Գայանեն է, հաճախ է մասնակցում պատարագներին: Տանը չունեն ո՛չ Ղուրան, ո՛չ Աստվածաշունչ:

Ադրբեջանում ազգականներ ունի, սակայն նրանց հետ կապ չի պահպանում: «Կինս ու մայրս հայուհի են, նրանք չեն կարող Ադրբեջանում ապրել, Հայաստանից հեռանալ էլ չեմ ցանկանում, սա իմ տունն է, իմ հողը»:

Վաստակավոր մարզիչը հիշում է, որ 1990-ին Պոդոլսկում մրցումների ժամանակ հանդիպել է ադրբեջանցի մարզիկների: «Նրանք չէին հավատում, որ առանց ազգանունս փոխելու ապրում եմ Հայաստանում: Երբ անձանգրում տեսան, որ նշված է Ալիև, ապշեցին»:

«Հավերժ թշնամիներ ու բարեկամներ չկան, հայն ու ադրբեջանցին էլ պետք է կարողանան խաղաղ ապրել», օրագրից փոքրիկ մեջբերում է անում ու հույս հայտնում, որ հարեւան ազգերը մի օր կմոռանան անցյալի ցավն ու ատելությունը և կապրեն խաղաղ:

Լուսանկարը՝ Մերի Հովհաննիսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս