Բաժիններ՝

Արգավանդի բնակիչները վաճառում են բնակարանները. Պատճառը խաղատներն ու մոթելներն են

Տարիներ առաջ կառավարությունը որոշում ընդումեց, համաձայն որի՝ 2014 թվականից Արգավանդում գործող խաղատները պետք է տեղափոխվեն հանգստյան գոտիներ` Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ: Այս կերպ, կառավարությունը ցանկանում էր երկու խնդիր լուծել՝ նախ, խաղատներն ավելի հեռացնել քաղաքից, նաև հանգստյան գոտիներում ստեղծել զբոսաշրջության և ներդրումների համար բոլոր նախադրյալները:

Խնդիրների և մտահոգությունների մասին խոսել են բազմաթիվ մասնագետներ, սակայն կառավարության որոշումն այդպես էլ փոփոխության չենթարկվեց: Ծաղկաձորում, Սևանում և Դիլիջանում բնակվող քաղաքացիներն էլ մտահոգված են. նրանք չեն ցանկանում, որ իրենց բնակարանների հարևանությամբ խաղատներ, գիշերային տներ և ակումբներ գործեն: Վերոնշյալ քաղաքների բնակիչների մտահոգությունն ուղղակի անհիմն կամ զգացմունքային «կապրիզ» չէ. եթե հաշվի առնենք, թե տարիների ընթացքում Արգավանդում քանի կրակոց է հնչել, կռիվներ եղել, մարմնավաճառության քանի որջ է բացահայտվել և վերջապես, քանի բնակիչ է այդ ամենից զզված բնակարան վաճառել ու հեռացել, ապա ակնհայտ է դառնում, որ հաջորդ տարվանից սկսած՝ հանրապետության զբոսաշրջային ամենաայցելվող վայրերն էլ են հանդիպելու նույն խնդիրներին:

Երբ Երևանում գործող խաղատները տեղափոխվեցին Արգավանդ` հիմնելով «հայկական Լաս Վեգաս», տեղի բնակիչները չէին էլ կարծում, որ կգան դառը ժամանակներ, և մի օր ստիպված կլինեն վաճառել տներն ու հեռանալ: Ժամանակի ընթացքում տների թիվը քչացավ, խաղատներն` ավելացան: Եթե քայլեք խաղատների կողքով, ապա կտեսնեք, որ հատուկենտ տներ կամ հողամասեր են մնացել, նրանց վրա էլ մեծ տառերով գրված է «Վաճառվում է»:

Բնակիչներից շատերը ցանկանում են լքել տարածքը վախի, երեկոյան ժամերին տեղի ունեցող այլանդակությունների պատճառով:

Կարդացեք նաև

Argavand1Տուն վաճառել ցանկացողները լուսանկարվել չեն ցանկանում, խնդիրներից չեն խոսում. վախենում են հավանական հաճախորդին կորցնել: Համենայնդեպս մեր այցելած մի շարք տների բնակիչներ, որ վաճառում էին բնակարանները, հրաժարվեցին խոսել: Նրանց փոխարեն տեղանքի խնդիրներն են մատնացույց անում նախկինում Արգավանդում ապրած, սակայն մթնոլորտի պատճառով բնակարանները վաճառած քաղաքացիները:

Վահանը մի քանի տարի առաջ վաճառեց իր բնակարանն ու ընտանիքով տեղափոխվեց: «Երեկոյան ես ու կինս տուն էինք վերադառնում: Դեռ բնակարան չէինք մտել, երբ լսեցինք կրակոցներ: Հետագայում պարզվեց, որ կրակողը հսկայական գումար էր տանուլ տվել, հարբել ու կատաղությունից փողոցում կրակ էր բացել»:

Կրակոցներից տուժեց միայն Վահանի ընտանիքը: Հղի կինը վախից կորցրեց երեխային: «Երկար ժամանակ վախենում էր մենակ փողոց դուրս գալ: Պատկերացրեք, որ ձեզանից մի քանի մետր հեռավորության վրա կրակ բացեն, ի՞նչ կկատարվի ձեզ հետ: Պատմության պատճառով տանը սկսեցին կռիվներ: Նարինեն չէր ցանկանում ապրել այդ թաղամասում: Տունը վաճառեցի: Հիմա չեմ զղջում, որ հեռացել եմ: Ավելի ապահով եմ, հանգիստ, էլ չեմ վախենում, որ հանկարծ կդառնանք պատահական փամփուշտի զոհեր»,- պատմում է Վահանը:

Բնակիչները պատմում են, որ այստեղ հայհոյանքներ լսելն ու կռիվներ տեսնելը դարձել է սովորական երևույթ: «Մի քանի շաբաթ առաջ մի հարբած երիտասարդ ցանկանում էր իրեն մեքենայի տակ գցել: Ասում էին` խոշոր գումար էր տարվել ու ամաչում էր տուն վերադառնալ: Ամեն ինչ էլ պատահում է»,-պատմում է Մայիս պապը:

Մայիս պապի` «ամեն ինչ պատահում է»-ն պետք է հասկանալ ուղիղ իմաստով: Տեղի բնակիչները շատ բան գիտեն, բայց լռում են: Օրինակ, ջահելները դեմքով ճանաչում են խաղատներում կամ մոտակա մոթելներում գումար վաստակող աղջիկներին: Ասում են` կան հատուկ աղջիկներ, որ, այսպես կոչված, էլիտար են ու «նախատեսված են միայն օլիգարխիկների համար»: Առավել հետաքրքրասերներն էլ գիտեն, թե ե՞րբ և ո՞ր խաղատներն են սիրում այցելել քաղաքական գործիչներն ու հայտնի օլիգարխները: Գիտեն, բայց անուններ նշել չեն համարձակվում:

Արգավանդում խաղատների ձևավորած մթնոլորտից տուժում են հատկապես երեխաներ ունեցող ընտանիքները:

«Շատ դժվար է երեխա դաստիարակել նման պայմաններում: Դու նրան մի բան ես ասում, սակայն դրսում բոլորովին այլ պատկեր է: Տեսնում էր, թե ինչպես են շատերը «հեշտությամբ» գումար վաստակում: Ո՞ր մի տղան այդ տարիքում չի հրապուրվում: Տեսնում են, որ խաղատուն այցելողները լավ, շքեղ մեքենաներ են վարում, աղջիկների հետ ժամանակ անցկացնում, գումար շահում, ու կարծում են, թե դա փող աշխատելու միակ ու ամենահեշտ տարբերակն է: Բայց չեն հասկանում, որ դա թվացյալ է: Խաղամոլությունը սարսափելի բան է»,- միաբերան պնդում են բոլոր մայրերն ու հավելում, որ հարևաններից շատերը` տեսնելով, որ խրատներով ու խորհուրդներով չեն կարողանում զավակներին օգնել, տունը վաճառել ու հեռացել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս