«Ազգափրկիչ» նոր ծրագիր՝ ընդդեմ ստվերի
Այն, որ մեր երկրի տնտեսության մի զգալի հատված ստվերային է, ոչ ոք կասկածի տակ չի դնում: Խնդիրը գնահատականն է, թե որքան է կազմում այդ չհարկվող, արտոնյալ մասը: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ստվերային է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 35%-ը, ըստ Bloomberg Businessweek-ի՝ մոտ 51%-ը: ՀՀ պաշտոնական այրերի շուրթերից Հայաստանի տնտեսության ստվերայնության առաջին ու թերևս միակ գնահատականը մինչ այժմ հնչել է անցած տարի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի կողմից, որը համամիտ է ԱՄՀ գնահատականին՝ 35%: Եթե սա ընդունենք որպես անվերապահ ճշմարտություն և կատարենք չոր հաշվարկ 2012թ. հարկային մուտքերի նկատմամբ՝ 878.4 մլրդ դրամի 35%-ը ստացվում է մոտ 307.4 մլրդ դրամ մուտքեր չեն ապահովվում բյուջե: Ընդ որում՝ չեն ապահովվում օլիգարխների կենսամակարդակը «ներկայացուցչական» բարձրության վրա պահելու համար, քանի որ հայտնի է, որ փոքր ու միջին ձեռնարկությունների հանդեպ Պետական եկամուտների կոմիտեն շատ խիստ է, իսկ ստվերը հիմնակնում խոշոր, ՀՀ իշխանությունների հետ փոխկապակցված բիզնեսներում է: Իսկ նման գործունեությունն ամբողջությամբ հարկային դաշտ բերելու համար միայն ՊԵԿ-ի ջանքերը բավարար չեն, հարկավոր է «դաբրո» ամենավերևից:
2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում տնտեսության ստվերայնության մասին չէր հիշատակել, բայց նշել էր՝ «Ապահով Հայաստանում յուրաքանչյուրս պետք է կարողանա իրականացնել իր երազանքները, կյանքի կոչել անձնական, ընտանեկան և ազգային նպատակները՝ անցյալում թողնելով արատավոր երևույթները՝ արտոնյալների դասը, մենաշնորհներն ու ամենաթողությունը… Արդար պետությունը պարտավոր է բոլորի համար երաշխավորել հնարավորությունների հավասարություն թե՛ քաղաքական ասպարեզում, թե՛ տնտեսության մեջ…»:
Անցած տարի հոկտեմբերին հրավիրված խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ «պարզ է՝ որքան պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի դեմ պայքարը խստանա, այնքան դժգոհությունները, միջամտությունները շատ են լինելու», ու հավելեց, թե «անխնա պատժելու է բոլոր միջամտողներին»:
Իսկ բոլորովին վերջերս՝ հուլիսի կեսերին, ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչությունում Սերժ Սարգսյանը «նկատել» էր հարկային համակարգում արձանագրված «առաջընթացը», բայց նաև հավելել, որ «չնայած մեծ աշխատանք է կատարվել ստվերը կրճատելու ուղղությամբ, այդուհանդերձ, այն մնացել է բարձր» և որ ՊԵԿ-ը պետք է շարունակի աշխատանքները այն կրճատելու ուղղությամբ:
Եվ ահա, ՊԵԿ-ը նախապատրաստել է հերթական ազգային ծրագիրը: Այն հենց այդպես էլ կոչվում է՝ «Ազգային»: Այս նորույթը վերաբերում է հարկերի վճարումներից խուսափելու, ապօրինությունների և ստվերային շրջանառության դեմ պայքարին և նախատեսված է 2013-2015 թթ. համար:
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ ներկայացված ծրագիրն ուղղված է հարկային խախտումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների սահմանմանը, ծրագրի կիրառման առաջնային թիրախում կհայտնվեն այն հարկ վճարողները, ովքեր «կանխամտածված և չարամտորեն խուսափում եմ իրենց հարկային պարտավորությունների ամբողջովին և ժամանակին կատարումից»: Հարկային խախտումների դեմ պայքարի մեխազնիմներ սահմանելիս աշխատանքները նախատեսվում է տանել 2 ուղղություններով՝ օրենսդրական և վարչարարական:
«Հաշվի առնելով, թե հարկային խարդախություններն ինչպիսի բացասական ազդեցություն կարող են ունենալ ինչպես տնտեսության մրցակցային հարաբերությունների, ոչ ազնիվ «խաղի կանոնների» կիրառման, այնպես էլ հարկային եկամուտների ապահովման, ստվերային տնտեսության առաջացման տեսանկյունից, այս ծրագրով սահմանվել են մեխանիզմներ, որոնք առավելագույնս կսահմանափակեն հարկային խախտումների առաջացումը և, հետևաբար նաև, վերջինիս բացասական ազդեցությունը»,- հուսով են ծրագրի հեղինակները:
Նպատակներն, անխոս, լավն են, սակայն նախկինում էլ քիչ չեն եղել տարբեր փաստաթղթերն ու ռազմավարությունները, որոնք կոչված էին տնտեսության ստվերայնության կրճատմանը, մրցակցության ու հավասար պայմանների ապահովմանը: Դրանք կարծես կրկնում են մեկը մյուսին, բայց բովանդակությունն ու կյանքի որակն առանձնապես չի բարելավվում, և փոփոխությունն ընդամենը ձևի մեջ է: Դաշտի հիմնական խաղորդները մնում են նույնը: Բոլոր օլիգարխները կարգի են բերում իրենց փաստաթղթերը և, ինչպես արդեն պատգամավորները «չունեն» բիզնեսներ, շուտով կպարզվի, որ տնտեսությունն էլ չունի ստվեր: