«Դատապարտյալի բերանը փտում է. նա վիրահատության կարիք ունի»
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող խումբը երեք հրատապ հաշվետվություն է ուղարկել արդարադատության նախարարություն, որոնք անպատասխան են մնացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրավապաշտպան, խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը: Նա ասաց, որ հրատապ հաղորդագրություններից մեկը կապված է եղել դատապարտյալների հիվանդանոցում գտնվող անձանցից մեկի հետ. դատապարտյալը, Սերգեյ Գաբրիելյանի ներկայացմամբ, հիվանդ է օստիոմելիտով «Ավելի պարզ ասած՝ հիվանդի ամբողջ բերանը փտում է»: Հաարակական խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանի խոսքով՝ բժշկական եզրակացության համաձայն՝այդ հիվանդը վիրահատության կարիք ունի, սակայն մինչ այժմ նրա վիրահատությունը կատարված չէ. դատապարտյալների հիվանդանոցում պատճառաբանել են, որ գումար չկա վիրահատելու համար: «Մեր տեղեկությունների համաձայն, որ մենք ստացել ենք քրեակատարողական հիմնարկությունից, նման 7 հիվանդ գտնվում է այնտեղ և ոչ մի առաջխաղացում չկա»,- ասաց նա:
Հրատապ հաղորդագրություններից մյուսը վերաբերում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում գտնվող մի կնոջ: Ռոբերտ Ռևազյանի խոսքով՝ նա օրվա ընթացքում 64 միավոր ինսուլին է ստանում. «60 միավոր ստանալու դեպքում արդեն այդ հիվանդությունը մտնում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկի մեջ, և պետք է գնար գործընթաց նրան ազատելու պատժից»: Միևնույն ժամանակ, Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ մի քանի բժշկական տեղեկանքների համաձայն՝ այդ կինն օրական 64 միավոր ինսուլին է ստանում, մեկ այլ տեղկանիք համաձայն՝ 60-ից պակաս միավոր է ստանում: Ըստ իրավապաշտպանի՝ խնդիրն այն է, որ «բժիշկները կաշկանդված են հիվանդության իրական չափանիշը նշել»: Դեղամիջոցների իրական քանակը ցույց տալու դեպքում նրանք վախենում են վարչակազմի հետ հնարավոր խնդիրներից:
Երրորդ հաշվետվությունը վերաբերվում էր դիտորդական խմբին Վանաձոր քրեակատարողական հիմնարկ ներս չթողնելուն:
Պատասխանելով հարցին՝ ինչ ահազանգեր են լինում քրեակատարողկան հիմնարկներում գտնվող անձանց կողմից և ինչից են նրանք հիմնականում բողոքում՝ Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ հիմնականում բողոքները վաղաժամկետ ազատման հաձնաժողովի հետ են կապված. «Իհարկե, լինում են նաև անմարդկային վերաբերմունքի և ՔԿՀ-ի հետ կապված շատ քիչ քանակությամբ դեպքեր: Պատճառն ինչ է: Քրեակատարողական հիմնարկում ներքին քրեական օրենքների համաձայն՝ վարչակազմի դեմ բողոքելն արգելված է, այսինքն՝ եթե իրենք բողոքեն, ճնշման կենթարկվեն ոչ միայն վարչակազմի կողմից, այդ վտանգ կա իրականության մեջ, այլ նաև իրենց ներքին համախցակիցների կամ այդ քրեական օրենքներով առաջնորդվող մարդկանց կողմից»:
Ռոբերտ Ռևազյանն ասաց նաև, որ հասարակական խումբը միայն հաղորդում ուղարկելով չի բավարարվելու. «Մենք մտածում ենք նաև իրավական ճանապարհների մասին: Նաև դատական ճանապարհով գնալու ելքեր ենք փնտրում, որպեսզի ստիպենք նախարարությունը և պատասխանել մեր գրություններին, և կիրառել օրենքը և այս անձանց վերաբերյալ նորմալ իրավիճակ ստեղծվի»: