
ԱՄՆ հետախուզական ինքնաթիռները վիճելի ծովային շրջաններում հետևում են չինական ռազմանավերին

GMA News ինտերնետային պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի P-3 Orion հետախուզական ինքնաթիռները հաճախ են թռչում Հարավ-չինական ծովի վիճելի շրջանների վրա, որոնց հավակնում են թե՛ Չինաստանը, թե՛ Ֆիլիպինները, և դիտարկում են իրականացնում այնտեղ գտնվող չինական ռազմանավերի նկատմամբ:
Այս մասին հայտարարել է Ֆիլիպինների արտգործնախարար Ալբերտ դել Ռոսարիոն. «Ես կարծում եմ, որ դա մեզ համար ունի էական նշանակություն: Մեզ հետաքրքրում է բացառապես մեր տնտեսական գոտում, մեր մայրցամաքային շելֆում տիրող իրավիճակը, և մենք ցանկանում ենք իմանալ, թե արդյոք այնտեղ գրանցվե՞լ է ներխուժում»:
Արտգործնախարարը հիշեցրել է, որ Ֆիլիպիններն ու ԱՄՆ-ը կնքել են փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիր, ինչի համար էլ ամերիկյան ինքնաթիռներն իրավունք ունեն գտնվել այնտեղ:
Նշվում է, որ մեկուկես ամիս առաջ Ֆիլիպինների նախագահ Բենիգնե Ակինոն հայտարարել է, որ առաջիկա 5 տարում Մանիլան զինված ուժերի արդիականացման մասշտաբային ծրագրի վրա ծախսելու է 1.74 միլիարդ դոլար:
Հարավ-չինական ծովում գտնվող Նանշա (Սպրատլի) արշիպելագի, ինչպես նաև Սիշա և Չժունշա կղզիախմբերի նկատմամբ ամբողջովին կամ մասամբ հավակնում են հինգ երկիր՝ Չինաստանը, Վիետնամը, Մալայզիան, Ֆիլիպիններն ու Բրունեյը: