Բաց նամակ Աբովյանի քաղաքապետին. «Ինչ-որ մարդիկ մի նոր վանդալիզմ էին իրականացրել՝ թագավորի արձանի մատները ներկելով և դրանց «կանացի տեսք» տալով»
Աբովյան քաղաքի Սբ. Ստեփանոս եկեղեցու երիտասարդները դիմել են Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին.
«Պարոն քաղաքապետ, հուլիսի 26-ին 168.am լրատվական կայքում հրապարակվել է Անի Կարապետյանի հոդվածը, որտեղ ներկայացվում է Աբովյանի նշանավոր հուշարձաններից մեկը՝ Սարալանջ թաղամասում գտնվող Տրդատ Գ թագավորի արձանը:
Ինչ-որ մարդիկ, գիտակցաբար կամ անգիտակցաբար, մի նոր վանդալիզմ էին իրականացրել՝ թագավորի արձանի մատները ներկելով և դրանց «կանացի տեսք» տալով: Մենք գնացինք հոդվածի հետքերով ու տեսանք, որ քաղաքակիրթ մարդիկ արդեն մաքրել էին ներկը, սակայն արձանը և առհասարակ հուշարձանի տարածքը շարունակում էր մնալ անխնամ և անմխիթար վիճակում, իսկ վիճակն այսպիսին է.
- Արձանի վրա շարունակում են մնալ զանազան գրություններ
- Ծառերը փակել են արձանը, և այն շատ դժվար է նշմարվում (մերձակա շինության պարիսպը ևս նվազեցնում է արձանի տեսանելիությունը)
- Լուսավորության բացակայության պատճառով տարածքը «հարմար» վայր է դառնում «ռազբորկաների» համար, «գրավում է» հարբեցողների, ինչպես նաև այլ հոգեմետ մոլուցքների հակում ունեցող անձանց: Տարածքում կարելի է տեսնել բազմաթիվ կոտրված և չկոտրված շշեր, ապակիներ և այլն…
- Հուշարձանից մոտ 30 մետր հեռավորության վրա տեղադրված են աղբարկղեր, որոնք, կարծում ենք, նույնպես անհամատեղելի են հուշարձանի հետ
Մենք՝ Աբովյանի Սբ. Ստեփանոս եկեղեցու երիտասարդներս, կիրակի՝ հուլիսի 28-ին, մաքրեցինք հուշարձանի տարածքը աղբից և կատարեցինք արձանի մասնակի մաքրում: Չկարողացանք այն ավարտին հասցնել որոշ աշխատանքային գործիքներ, նյութեր և լիազորություններ չունենալու պատճառով:
Պարոն քաղաքապետ,
Նկատի ունենալով Տրդատ Գ թագավորի կարևորագույն տեղն ու դերակատարությունը մեր ազգի պատմության մեջ
Հաշվի առնելով պատմական հուշարձանի կարևորությունը որպես քաղաքի այցեքարտ
Կարևորելով ազգային արժեքների պահպանումը, որ փոխանցվում է մատաղ սերնդին նաև նման հուշարձաններով՝
Խնդրում ենք`
Ձեր լիազորությունների շրջանակում տալ հանձնարարականներ
- Արձանի և դրան հարող տարածքի բարեկարգման աշխատանքների մասին (ներառյալ այնպիսի միջոցառումներ, որոնք արձանն ավելի տեսանելի կդարձնեն)
- Աղբամանները բնակելի շենքերին մոտ մեկ այլ վայր տեղափոխելու մասին
Ինչպես նաև՝
- Ժամանակակից լուսավորության միջոցներով ձեռնամուխ լինել արձանի տեսանելիության ապահովմանը նաև գիշերը՝ մթնելուց մինչև լուսաբաց.
- Հետևողական լինել ցանկալի բարեկարգ վիճակը մնայուն պահելու խնդրում»:
Աբովյան քաղաքի Սբ. Ստեփանոս եկեղեցու երիտասարդներ
http://abovyan.com
29.07.2013թ.