«Պահանջում եմ Սերժ Սարգսյանից եւ Վովա Գասպարյանից ապահովել իմ անվտանգությունը». Գորիսի նախկին քաղաքապետ
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը մտավախություն ունի, որ իր կյանքին վտանգ է սպառնում և պահանջում է ՀՀ իշխանություններից եւ իրավապահ համակարգից, որ ապահովեն իր անվտանգությունը:
«ՀՀ քաղաքացու անվտանգության երաշխավորը հենց ՀՀ նախագահն է, եւ ես Սերժ Սարգսյանից անձամբ պահանջում եմ, որ ապահովի իմ անվտանգության իրավունքը»,- ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է Սամվել Հարությունյանը: Այն հարցին, թե ինչից է նա վախենում կամ ենթադրում, որ իր կյանքին վտանգ է սպառնում, նա պատասխանեց, որ իր բազում հայտարարություններից եւ համարձակ ելույթներից հետո, որոնցում բացահայտում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի անցյալի «քաջագործությունների» մասին, նա սպառնալիքներ պարունակող արձագանքներ է ստանում:
«Դեռ իմ առաջին ելույթից հետո, ի նկատի ունեմ հունիսի մեկի ոճրագործությունից անմիջապես հետո եւ դրան հետեւող 18-ից ավելի ելույթներին հաջորդել են բարոյախրատական բնույթի արձագանքները, որոնք եկել են Սուրիկ Խաչատրյանի մտերիմ շրջապատից:
Ես այս ընթացքում հանդես եմ եկել խստագույն եւ պատասխանատու հայտարարություններով ե՛ւ Սուրիկ Խաչատրյանի, ե՛ւ նրա բանդայի՝ եղբայրների, ընկերների, որդու՝ 23 տարի տեւած ծանրագույն հանցագործությունների մասին, որոնք հովանավորվել են ՀՀ իշխանությունների կողմից, իսկ Սուրիկ Խաչատրյանին արժանացրել կառավարական պարգեւների: Իմ առաջին իսկ հայտարարությունից հետո մինչեւ օրս մի շարք քաղաքացիներ, որոնք հիմնականում Սուրիկ Խաչատրյանի մերձավոր շրջապատից են, բարոյախրատական եւ այլաբնույթ մոտեցումներով շփվում են ինձ հետ՝ փորձելով ինձ ետ պահել այդ գաղտնիքների բացահայտման, լիսկայության դեմ իմ պայքարի մարտավարությունից: Դրանց մեջ եղել են ե՛ւ հրապուրիչ առաջարկներ, ե՛ւ խրատական բնույթի խոսակցություններ եւ այլն, եւ այլն…Դրանք նաեւ սպառնալիքներ են պարունակում»:
Ս. Հարությունյանն ասաց նաեւ, որ իր ելույթներից հետո նրան նաեւ բազմաթիվ մտահոգ սյունեցիներ են դիմում ինչ-որ նախազգուշացումներով, որ գործ չունենա «բանդայի» հետ եւ որ վտանգավոր կրակի հետ է խաղում:
Գորիսի նախկին քաղաքապետից հետաքրքրվեցինք, թե արդյոք ինքը այս ընթացքում ստացե՞լ է կասկածելի հեռախոսազանգեր կամ արդյոք կասկածելի մեքենաներ, մարդիկ նրան հետապնդե՞լ են, Ս. Հարությունյանն ասաց, որ առայժմ ինքը կլռի.
«Առայժմ բավարարվեք այսքանով: Եթե ընթացքում նկատվեն կոնկրետ ինչ-որ բաներ, սպառնալիքների վտանգ նկատեմ, ես կբարձրաձայնեմ: Համենայնդեպս, եթե այս երկրի ամենախոշոր ոճրագործներից մեկին՝ Լիսկային, այսօր պետականորեն հովանավորում են եւ առավել եւս նրա անվտանգությունն են ապահովում, բոլորը գիտեն, որ նրան հիմա էլ թիկնապահներ են հատկացրել, այդ դեպքում ես առավել եւս իրավունք եմ վերապահում ինձ առաջարկելու նախ եւ առաջ Սերժ Սարգսյանին եւ իրավապահ համակարգի ղեկավարներին՝ մասնավորապես Վովա Գասպարյանին՝ իմ անվտանգության մասին նույնպես մտածեն:ՀՀ քաղաքացու անվտանգության երաշխավորը գործող նախագահն է, եւ այդ առումով ես կարծում եմ, որ իրավունք ունեմ դա պահանջելու եւ իմ կյանքի անվտանգությունը առաջարկում եմ, որ ստանձնի Սերժ Սարգսյանը»,-ասաց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: