Բաժիններ՝

Ստյոպա Սաֆարյանի պատասխանը՝ Տարոն Մարգարյանին. Եթե ձերը չէ, պատժեք «Տարոն և Ռոբերտ» ՍՊԸ-ին մարդկանցից 50-ական դրամներ շորթելու համար

168.am-ը այսօր հրապարակել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերքումն այն մասին, որ ինքը «գծատեր» չէ և առնչություն չունի «Տարոն և Ռոբերտ» ՍՊԸ-ի հետ: Այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը գրել է.

«Մի քանի օր առաջ աներորդի Ռոբերտ Սարգսյանն էր «հրաժարվել» գծից, հիմա էլ` Տարոն Մարգարյանն է հրաժարվում: Եթե ձերը չէ, ապա պատժեք «Տարոն և Ռոբերտ» ՍՊԸ-ին ու մյուսներին սակագնի բարձրացման չհիմնավորված հայտեր ներկայացնելու, 4 օր (հուլիսի 20-24-ը) մարդկանցից 50-ական դրամներ շորթելու, թվով 48 գծատերերի հետ հակամրցակցային համաձայնության գալու համար, խզեք նրա հետ կնքված պայմանագիրը և հայտարարեք մրցույթ նաև 5 և 32 միկրոավտոբուսային երթուղիների համար, հաղթող ճանաչեք այն կազմակերպությանը, որը երթուղային գիծը կսպասարկի 100 դրամով, վարորդներին կձևակերպի ու կվճարի ձեր ասած` 250.000 դրամ աշխատավարձը, որից իբր հայերը հրաժարվում են, վարորդներն էլ կլինեն սափրված, միկրոավտոբուսները փտած հատակներ ու բաց գազի բալոններ չեն ունենա, ինչպես վերջերս հրապարակվեց 5 համարի մի միկրոավտոբուսի նկարը, և վերջապես` ծառայությունը կլինի բարձր որակի: Ձեզ տեսնեմ: Գծատեր չլինելու և երևանցուն ծառայելու, նրան սիրելու ամենահամոզիչ ապացույցը սա կլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս