
Ատամը կհետևի քեզ. Գիտնականներ ստեղծել են Wi-Fi-ով և Bluetooth-ով պրոթեզ

Թայվանի ազգային համալսարանում ստեղծել են արհեստական ատամ, որի մեջ կարելի է ինտեգրել Wi-Fi-ի կամ Bluetooth-ի հաղորդիչ: Դրա միջոցով կարելի է մարդու գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել համակարգչին կամ սմարթֆոնին:
Ատամը ստեղծողները դեռևս աշխատում են օգնել բժիշկներին և նրանց հիվանդներին: Օրինակ` նման սարքավորման օգնությամբ (որն արտաքինով սովորական իմաստության ատամ է հիշեցնում, և որն ունի գրեթե աննկատ կցամաս) բժիշկը կարող է ունենալ հավաստի տեղեկություններ իր հիվանդի ուտեստների նախընտրությունների մասին: Օրինակ՝ որքա՞ն հաճախ է նա իրականում սնվում, արդյոք նա չունի՞ որևէ խնդիր շնչառության հետ կապված:
Բացի այդ, նման ատամը կարող է օգնել խոսքի թերություններ ունեցող մարդկանց, անգամ երգիչներին` ուսումնական գործընթացի ժամանակ: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Փորձարկումների ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են, թե որքանով է նմանատիպ ատամն անվտանգ և հուսալի, արդյոք չի թռչի՞ այն, արդյոք այն հնարավո՞ր է կուլ տալ և այլն: Փորձերը հաջող են ընթացել, այդ թվում և հիմնական չափորոշիչների արդյունքներով` ութ կամավորների խնդրել են սովորական քայլեր կատարել` ուտել, խմել, հազալ, խոսել: Ծրագիրը կարողացել է 93% ճշգրտությամբ որոշել, թե ինչ է դա եղել` փոխանցելով համապատասխան տեղեկատվությունը համակարգչին: