Բաժիններ՝

«Երնորոգնախագիծը» լուծարվում է. Ում և ինչ վնաս է հասցրել ընկերությունը

«Երնորոգնախագիծ» պետական ՓԲԸ-ն բավականին տխուր ճակատագրի է արժանացել: 2006 թ-ին ստեղծված այս ընկերությունը պետք է զբաղվեր շենքերի կառուցվածքների ուժեղացմամբ, վերակառուցմամբ, վերականգնման և վերանորոգման շինարարական նախագծմամբ և կոնստրուկտավորմամբ: Սակայն 2010 թվականից ի վեր նախագծերի պատվերներ չկան, իսկ այս տարվանից ընկերությունն արդեն աշխատողներ էլ չունի:

Ընկերության բաժնետոմսերը 2010թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ  ներկայացվել են մասնավորեցման դասական աճուրդով, բայց աճուրդը չի կայացել: Ընկերությունը ոչ ոքի չի հետաքրքրել: Այլ ելք չտեսնելով՝ ՀՀ կառավարությունը որոշել է լուծարել ընկերությունը և այս հարցը ներառվել է գործադիրի առաջիկա՝ օգոստոսի 1-ի նիստի օրակարգում:

2009թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Երնորոգնախագիծ» ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող  բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Երևանի քաղաքապետարանից փոխանցվել էին Պետական գույքի կառավարման վարչությանը:

Ընկերության գրասենյակային գույքը 100% մաշվածություն ունի, իսկ անշարժ գույք «Երնորոգնախագիծը» չունի: Փոխարենն ունի կուտակված պարտքեր՝ 01.06.2013թ.-ի դրությամբ 918.4 հազար դրամ, որից 205.9 հազար դրամը գրասենյակային տարածքի վարձավճարի պարտքն է, իսկ 605.5 հազար դրամը՝ շահութաբաժնի գծով:

Ուշագրավ է, որ այս պարտքից 107 հազար դրամը քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար հատուցման գումար է, սակայն կառավարության որոշման նախգծում չի նշվում, թե չաշխատող ընկերությունը ինչ պայմաններում և ում է վնաս պատճառել:

168.am-ին հաջողվեց միայն պարզել, որ անցած տարի սեպտեմբերին «Երնորոգնախագիծ» ՊՓԲԸ-ից ամուսնու համար փոխհատուցում ստանալու խնդրով քաղաքացի Աիդա Բեգլարյանը դիմել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին: Հավանաբար, այդ 107 հազար դրամը փոխհատուցում է սահմանվել հենց Աիդա Բեգլարյանի ամուսնու համար, բայց թե ինչ դեպք է պատահել, պարզաբանում ստանալ չհաջողվեց:

Ի դեպ, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը բոլրովին վերջերս՝ այս տարվա մայիսին վարչական դատարան հայց է ներկայացրել «Երնորոգնախագիծ» ընկերության դեմ՝ պահանջելով դադարեցնել լիցենզիաների գործողությունները: Հայցն ընդունվել է վարույթ և առաջին դատալսումը նշանակվել է հոկտեմբերի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս