Մեծաձորում և Կարմրաքարում գյուղապետի արտահերթ ընտրություններ կլինեն
Օգոստոսի 1-ից ուժի մեջ կմտնեն Արագածոտնի մարզի Մեծաձոր և Շիրակի մարզի Կարմրաքար գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին ՀՀ կառավարության որոշումները: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ այդմ, որոշումներն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը տվյալ համայնքներում կնշանակվի գյուղապետի արտահերթ ընտրություն:
Մեծաձորում ընտրության անցկացման համար 2013 թ.-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին որոշվել է հատկացնել 786 հազար 298.2 դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 471.9 դրամ։
Կարմրաքարում գյուղապետի արտահերթ ընտրության անցկացման համար ԿԸՀ-ին պետբյուջեից որոշվել է հատկացնել 785 հազար 855.2 դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 136.5 դրամ։ Նշենք, որ 2011թ.-ի ապրիլի 3-ի ընտրության արդյունքում Մեծաձոր գյուղական համայնքի ղեկավար ընտրված Սաիդ Ամոյանը մահացել է այս տարվա հունիսի 13-ին:
Ըստ ՀՀ կառավարության, Կարմրաքարի գյուղապետ Գագիկ Վահրադյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշման ընդունումը պայմանավորված է նրա` անձնական բնույթի խնդիրների առաջացման հիմնավորմամբ հրաժարական տալու հանգամանքով: Սակայն մամուլում շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Գ.Վահրադյանը, հիասթափված լինելով գյուղի նկատմամբ կառավարության վարած քաղաքականությունից, արտագաղթել է Հայաստանից: