Եվրոպան կասի՞ «Մենք Հայաստանին ենք սիրելու». մամուլ
««Առավոտի» զրուցակիցը՝ Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների և հայ-ռուսական հարաբերություններում մթնոլորտի մասին նկատեց, թե այնպես չէ, որ Եվրոպան երազում է տեսնել Երևանը, Բաքուն և Թբիլիսին՝ որպես ԵՄ անդամներ։
«Եվրոպան ֆինանսական, տնտեսական ոչ այնքան լավ ժամանակներ է ապրում, գումարած՝ ճգնաժամը եվրոինտեգրման ճանապարհին, մի կողմից ասում են ինտեգրում, մյուս կողմից՝ Կատալոնիան անկախություն է ուզում, Շոտլանդիայում անջատողական շարժում, Բելգիայում ծագում են խնդիրներ։ Այնպես որ, մտածել, թե ԵՄ-ն տենչում է բոլորին ընդունել ու բոլորի խնդիրները կարգավորել՝ դա չափազանցություն է: Ասել՝ Եվրոպան երազում է լուծել ԼՂ խնդիրը․․․ Ի՞նչ է, Եվրոպան ունի՞ նման ծրագիր, Մադրիդյան թարմացված սկզբունքնե՞ր ունի, թե՞ խաղաղապահ ուժեր, որ վաղը տեղակայի ԼՂ-ում: Կամ, եթե Եվրոպան բարեկամանա Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ վերանայելո՞ւ է հարաբերությունները ու հայտարարելու՝ այլևս Ադրբեջանի էներգետիկան մեզ չի հետաքրքրում, մենք Հայաստանին ենք սիրելու․․․ Բայց չէ՞ որ այդ ընտրությունն էլ չի լինելու: Այնպես որ, շատ է զգացմունքայնությունը, իսկ հանգիստ քննարկում չկա, մինչդեռ կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը իսկապես կա, որպեսզի մեղմվի անհարկի էմոցիոնալ գործոնը», նշեց մեր զրուցակիցը»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու ներկայացնում հարցազրույցը:
-Կրեմլի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին պատրաստվում է կասպյան շրջայցին, այժմ նախապատրաստվում է նրա պաշտոնական այցը Ադրբեջան. այս մասին հայտնել էր ՌԴ նախագահի մամլո ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովը: Այդ այցը Պուտինի՝ նախագահական նոր պաշտոնավարման առաջին այցը կլինի Ադրբեջան, դա տեղի կունենա Մոսկվայի և Բաքվի միջև ռազմական համագործակցության կտրուկ ակտիվացման ֆոնին: Պարոն Մարկեդոնով, ի՞նչ եք ակնկալում Բաքու կատարելիք Պուտինի այցից, հնարավո՞ր է ռազմական ոլորտում նոր համաձայնագրերի ստորագրում:
-Իսկապես այդ այցը կարևոր է մի քան առումներով: Նախևառաջ, այդ այցը տեղի է ունենում Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների միջև, այնուամենայնիվ որոշակի սառնությունից հետո՝ կապված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցում փոխհամաձայնության չգալու, Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարի հարցում անորոշության, ինչպես նաև նախագահական ընտրությունների վճռորոշ հարցերի պայմաններում:
Թեև Իլհամ Ալիևը ընտրություններում ֆավորիտն է, և նրա հակառակորդները բավական թույլ են, այնուամենայնիվ՝ ընտրությունները մարտահրավեր են: ՌԴ-ի համար կարևոր է զգալ այդ զարգացումների դինամիկան, տեսնել այդ ամենը սեփական աչքերով, լսել հիմնական խաղացողներին, ծանոթանալ իրավիճակին, ինչպես ասում են՝ մոտիկից:
Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա դուք նշեցիք, թե այդ համագործակցությունը կտրուկ ավելացել է հիմա: Բայց չէ՞ որ զենքի մատակարարման համաձայնագիրը ստորագրվել էր դեռևս 2010 թ.: Այժմ տեղեկություններ հրապարակվեցին նախկինում ընդունված համաձայնագրերի իրականացման վերաբերյալ: Մոսկվայի և Բաքվի համագործակցությունն, անկեղծ ասած, գաղտնիք չէ որևէ մեկի համար: Այո՛, ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը Հայաստանն է, բայց Ադրբեջանի հետ Մոսկվան, առնվազն Պուտինի իշխանավարումից սկսած, բավական կառուցողական հարաբերություններ ունի: Նրա իշխանավարման առաջին փուլից՝ 2001-ին Ադրբեջան կատարած նրա այցից, Մոսկվան ձգտում էր զգուշորեն հավասարակշռել հարաբերությունները, որպեսզի որոշակի կարմիր գիծը չհատի: Չեմ կարծում, թե նոր համաձայնագրեր կկնքվեն, բայց դրական ուղղություն կարձանագրվի:
Բացի այդ, մի մոռացեք, որ ընտրությունները կարող են արժանանալ Արևմուտքի քննադատությանը, մինչդեռ ՌԴ-ն ձգտում է չխառնվել ներքին գործընթացներին և այս առումով Ադրբեջանը պետք է ՌԴ-ին: Բավական նուրբ իրավիճակ է, Ալիևն է առաջադրվում, նա պաշտոնապես կառաջադրվի որպես թեկնածու, սա արդեն նրա պաշտոնավարման երրորդ ժամկետը կլինի, և այստեղ Մոսկվայի դիրքորոշումն անհրաժեշտ է՝ նրան միջազգայնորեն լեգիտիմացնելու տեսանկյունից: Կարծում եմ՝ հենց այս հարցերը կլինեն ուշադրության կենտրոնում:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: