Ակտիվիստներն ի պատասխան քաղաքապետարանի անլուրջ վերաբերմունքի, նավակ են տեղադրել խոտածածկ տարածքում
Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույց հայտարարած քաղաքացիական ակտիվիստները այսօր ի նշան բողոքի քաղաքապետարանին հարող տարածքում՝ խոտերի վրա, տեղադրել էին պոլիէթիլենային բադիկ եւ նավակ:
Ակտիվիստները նշել են, որ եթե քաղաքային իշխանությունները անօրինական կերպով տարածքը ջրում են օրը մի քանի անգամ՝ այդ կերպ փորձելով արհեստական խոչընդոտներ ստեղծել, ապա իրենք այս կերպ են պատասխանում:
«Համացանցում մեծ արձագանք գտավ այն, որ քաղաքապետարանը խոտածածկը օրը տասը ժամ ջրում էր, եւ հայտնվեցին կարդեր, որտեղ երեւում էր, որ մայթն էլ ամբողջությամբ ջրի մեջ է: Սրանք էլ բերել են, որպեսզի անկանխատեսելի դեպքերում, երբ ջուրը «կհեղեղի» ամբողջ փողոցը, սրանք մեզ փրկության օղակ հանդիսանան»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ակտիվիստ Սուրեն Սահակյանը:
Ըստ նրա՝ չնայած ինքը գյուղատնտեսության ոլորտի մասնագետ չէ, սակայն կարող է պնդել, որ այդքան ջրելը վնաս է խոտածածկին: Չնայած այս ամենին՝ ակտիվիստը նշել է, որ իրենք չեն պատրաստվում ընկրկել եւ իրենց բողոքի ակցիաները կշարունակեն: «Նշեմ, որ ջրի հարցով քաղաքապետարանի աշխատակիցը մոտեցել է եւ ասել, որ օրական երկու անգամ կմիացնեն քառասուն րոպեով, իսկ լուսավորության հարցով նշեմ, որ երկուշաբթի օրը կարգավորելու են: Չէ, մեզ ոչ մի խոչընդոտ չի կարող ստիպել հետ կանգնել մեր պահանջներից»: Հավելենք, որ քաղաքապետարանի շենքը շարունակում են հսկել մեծ թվով ոստիկաններ:
Հիշեցնենք, որ «Վճարելու ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության որոշ անդամներ հայտարարել էին անժամկետ նստացույց եւ պահանջում են Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները:
Տեսանյութը՝ այստեղ