Տանձուտում արգելված է հիվանդանալ. պոլիկլինիկան վթարային ու լքված մի շենք է
Ջարդված պատուհաններ, կաթացող տանիք, ճաքած առաստաղ ու խոնավ պատեր: Առաջին հայացքից Տանձուտի ամբուլատորիան լքված մի շենք է հիշեցնում: Միայն ներս մտնելուց է պարզ դառնում, որ վթարային այս կառույցը սպասարկում է ավելի քան երկու հազար բնակչի:
Ամբուլատորիան կառուցվել է 60-ականներին ու մինչ օրս չի վերանորոգվել: Շենքը գազիֆիկացված չէ, մշտական ջուր էլ չունի: Ձմռանը ամբուլատորիայի յոթ հոգանոց անձնակազմը հավաքվում է մանկաբույժ Անահիտ Մարտիրոսյանի սենյակում: Տարվա վեց ամիսն այս շենքում սառնամանիք է. կարողանում են ընդամենը երկու սենյակ ջեռուցել: Փոքրիկ էլեկտրական սալիկը՝ տնօրենի, իսկ փայտե վառարանը մանկաբույժի սենյակներն են տաքացնում: Տաքացնել` հարաբերական իմաստով, որովհետև աշխատասենյակներում էլ բժշկուհիները վերարկուները չեն հանում ու կես ժամը մեկ մոտենում են վառարանին` փայտացած ձեռքերը տաքացնելու: Նրանք ծաղրանքով ասում են, որ հաճախ դրսում ավելի տաք է, քան իրենց սենյակներում: Հենց դա է պատճառը, որ սենյակների մի մասը ցրտերն ընկնելուց կողպում են ու միայն գարնան գալստից հետո են բժիշկները համաձայնվում այնտեղ աշխատել:
«Մի կարծեք, թե մենք միշտ այսպիսի պայմաններում ենք աշխատել»,-ասում են բժիշկներն ու հիշում երանելի 80-ականները, երբ իրենց աշխատանքից գոհ էին, աշխատանքային պայմաններից չէին ամաչում, հինգ տարին մեկ վերապատրաստվում էին ու իրենց կեցությամբ խղճահարություն չէին առաջացնում: Ցավոք, 80-ականներից հետո այս շենքում գրեթե ոչինչ չի փոխվել: Հին պահարաններ, աթոռներ, կիսախարխուլ սեղան ու թանգարանային նմուշ լվացարան: Սենյակի մի հատվածում 80-ականներին հայտնի աստղերի, մյուսում` Կարեն Դեմիրճյանի նկարներն են` ի հիշատակ լավ ու բարի ժամանակների: Հիմա դրանցից միայն հիշողություններ են մնացել: Միակ նորությունը համակարգիչն է, այն էլ ձմռանը ցրտից դանդաղ է աշխատում:
Թե ինչպե՞ս կարելի է այս պայմաններում առողջություն պարգևել, երբ պարգևողներն իրենք են օգնության կարիք զգում, ամբուլատորիայի գործադիր տնօրեն Անահիտ Բեգլարյանը շատ հետաքրքրական պատասխան է տալիս. «Դե մենք հայ ենք, ու դժվարություններ հաղթահարելը մեր արյան մեջ է»:
Բացի ազգային մենթալիտետից, բժշկուհին խորհուրդ է տալիս լավատեսությամբ զինվել և համբերել, մինչև իրենց էլ հերթ կհասնի: Բժշկուհու միակ հույսը՝ ընթացող բանակցություններ են: Նրան խոստացել են, որ ամբուլատորիան նորոգվելու է, սակայն հստակ ժամկետներ չեն նշել: Ամբուլատորիայի գործադիր տնօրենի այս լավատեսական տրամադրվածությունն ու հույսն, ավաղ, չեն կիսում կենտրոնի մնացած աշխատակիցները: Ամբուլատորիայի ամենատարեց աշխատակցուհի Անահիտ Մարտիրոսյանը նշում է, որ աշխատում են հայրենասիրության հաշվին, սակայն կենցաղային պայմանները հիասթափեցնող են ու շատ մեծ ճիգ է անհրաժեշտ Հիպոկրատի երդումը հիշելու ու իրագործելու համար:
Լավատեսական չէ նաև մարզպետարանի արձագանքը: Խնդրին տեղյակ են, սակայն հայտնի չէ, թե երբ դրամական միջոցներ կլինեն այս բուժհաստատությունը նորոգելու համար: Ժամանակին ամբուլատորիային կից հիվանդանոց էլ է գործել: Շենքում անգամ վիրահատություններ են արել, սպասարկել նաև հարևան գյուղի բնակիչներին, սակայն երկրաշարժից հետո հիվանդանոցը վերածվեց հանրակացարանի ու այնտեղ ապաստան գտան արհավիրքից անօթևան մնացածները:
Ամբուլատորիան համայնքի ենթակայության տակ չի գտնվում: Թերևս դա էր պատճառը, որ համայնքի ղեկավար Մխիթար Պետրոսյանը, դժվարությամբ ու դժկամությամբ, մի քանի անգամ ճշտելով ու ճշգրտելով, թե ինչո՞ւ ենք հատկապես ամբուլատորիային անդրադառնում, համաձայնեց մեզ հարցազրույց տալ: Պարզվեց, որ ամբուլատորիայի խնդիրը գյուղապետն այնքան էլ լուրջ չի համարում ու հենց այդ պատճառով, որևէ պատկան մարմնի չի էլ դիմել ու ներկայացրել վիճակը: Ըստ գյուղապետի՝ գյուղում այլ կարևոր խնդիրներ կան, օրինակ՝ մանկապարտեզի շենքի վերանորոգումը:
Գյուղապետի արհամարհական վերաբերմունքը պայմանավորված չէ միայն հանգամանքով, որ կառույցն իրենց ենթակայության տակ չի գործում: Համայնքի ղեկավարը չի էլ հիշում, թե վերջին անգամ ինքը կամ իր ընտանիքի անդամները, ե՞րբ են այցելել ամբուլատորիա:
Սակայն ամբուլատորիան միայն գյուղապետի համար չէ: Նրանից բացի գյուղում ապրում է ևս երկու հազար բնակիչ ու անգամ այս սարսափելի պայմաններում, օրական միջին կտրվածքով ամբուլատորիան 15-20 հիվանդ է ունենում. նրանց մեծ մասին ուղեգրով ուղարկում են մարզկենտրոն: Գյուղին մոտ առաջին քաղաքը Արմավիրն է` 10 կիլոմետր հեռավորության վրա, ու քանի որ ամբուլատորիան շտապ օգնության մեքենա էլ չունի՝ ծանր հիվանդների դեպքում մեքենա ունեցող հարևան-բարեկամներին են դիմում, որ հասցնեն հիվանդանոց:
«Չգնաս ավելի լավ է, քան գնաս: Ո՛չ պայմաններ կան, ո՛չ օգնություն, էն պզտիկ բժշկուհին է, մեկ էլ մի պզտիկ պլիտա: Մեր կողմերում էլ տարին 6-7 ամիս ձմեռ է, մարդ վախենում է, թե պոլիկլինիկայի կողքով անցնի»,- ասում են գյուղացիներն ու կատակում, որ ամեն կերպ փորձում են չհիվանդանալ:
Արդեն մեկ ամիս է՝ ամբուլատորիայի ժամացույցի սլաքները կանգնել են: Բուժանձնակազմը նշում է, որ արդեն վեցերրորդ ժամացույցն են գնում, բայց մի քանի ամիս անց կրկին կանգնում են փաստի առաջ: Բարեբախտաբար, ի տարբերություն ժամացույցի սլաքների, գյուղում կյանքը կանգ չի առնում: Նկատվում է ծնելիության աճ: Նախորդ տարի գյուղում 36 երեխա է լույս աշխարհ եկել, նախանցյալ տարի` քսանյոթ: Ու հենց նոր ծնվող կյանքերի համար են շարունակում իրեն աշխատանքն այս ամբուլատորիայի բժիշկները` հույսով, որ մի օր կառավարությունը կգնահատի իրենց գործունեությունն ու առողջություն նվիրելու համար նրանց կպարգևատրի աշխատանքային նորմալ պայմաններով: