
ՀԱԿ ակտիվիստների գործով կսկսվի նոր շրջափուլ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, օգոստոսի 5-ին կսկսվի Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի վերաբերյալ գործի քննությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել են Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Գործը վերաքննիչ դատարանում է երկրորդ անգամ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու արդյունքում:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, 2012թ. նոյեմբերի 13-ին մերժել էր Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները: Վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ էր թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:
ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների հետ միջադեպի գործով: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, Արտակ Կարապետյանը խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը խուլիգանության մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանը 2013 թվականի մայիսի 8-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել էր ամբաստանյալ Տ.Առաքելյանի պաշտպան Վ.Գրիգորյանի, ամբաստանյալներ Ա.Կարապետյանի, Ս.Գևորգյանի և Դ.Քիրամիջյանի վճռաբեկ բողոքները, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը, և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: