Իրավապահ մարմինները անհանգստացնում են Հյուսիսային պողոտայի կիթառահար Գևորգ Աղաջանյանին
Արդեն երկրորդ անգամն է, ինչ իրավապահ մարմինները անհանգստացնում են կիթառահար երաժիշտ, կոմպոզիտոր Գևորգ Աղաջանյանին, ով հայտնի է Երևանի կենտրոնի փողոցներում՝ մասնավորապես Հյուսիսային պողոտայում հնչող իր սոլո ելույթներով։ Գևորգը պատմում է, որ Հյուսիսային պողոտա-Աբովյան խաչմերուկի մոտ նվագելու համար իր վրա բողոք էր եկել, ինչի պատճառով էլ նա մի քանի օր առաջ հրավիրվել էր Կենտրոնի ոստիկանական բաժանմունք։ Հայտնի չէ, թե բողոքողն ով է, իսկ ոստիկաններն էլ չէն հայտնում, թե ումից է բողոք ստացվել։
Երեկ նույնպես նրան մոտեցան ոստիկանները՝ փորձելով խոչընդոտել երաժշտի գործունեությունը։ Միջադեպը տեսագրվել է Լրագրի թղթակցի կողմից։
Գևորգ Աղաջանյանը այն բացառիկ մարդկանցից է, ով մեր քաղաքի՝ գնալով ամայացող փողոցները լցնում է ջազ-բլյուզ երաժշտության դրական մեղեդիներով՝ բարձրացնելով անցորդների տմարադրությունը։
Ցանկացած բարեկիրթ քաղաքային իշխանություն ոչ միայն շնորհակալ կլիներ, այլև կհպարտանար նման ստեղծագործ մարդկանց գոյությամբ՝ նրանց համապատասխան հարթակներ տրամադրելով, քանի որ հենց նման ստեղծագործողներն են քաղաքի յուրահատուկ տպավորիչ կոլորիտ և տրամադրություն ստեղծողները։
Մեր իրականությունը, ցավոք, այլ է։ Արևելյան կլկլոցներով թնդացող բացօթյա սրճարանները կամ քաղաքացիների գիշերային հանգիստը խաթարող ճոխ ավտոմեքենաներից հնչող բարձր ռաբիզը որոշ քաղաքացիների և իրավապահ մարմիններին այսօր ավելի քիչ են հուզում, քան այս միայնակ կատարողի նվագը։
Իհարկե, մեր օրերում պետականորեն սրբացվող անճաշակության ֆոնի վրա իրական արվեստն ու վառ գույները պետք է փնովվեն ու պիտակավորվեն, դրանց դեմ պետք է հանդես գան էլիտար շեքերում ծվարած անհայտ անձինք, սակայն ավելի տեղին կլիներ, եթե նրանք պայքարեին ռաբիզմի և հայ մշակույթը սպանող թուրքամետ պսևդոարվեստի դեմ, որը պարզապես հավասարազոր է պոռնոգրաֆիային (Տես այստեղ)։
Ի հեճուկս բոլոր կասկածելի բողոքների՝ Գևորգը այսօր ավելի հայտնի, սիրված և համակրելի է, քան բազմաթիվ «սիրված» երգիչ երգչուհիներ ու կատարողներ, որոնց արևելյան մելամաղձոտ պոռթկումների համար ՀՀ Մշակույթի նախարարությունը կարող է բարձր հարթակներ տրամադրել, ընդհուպ մինչև Հանրապետության Հրապարակը։
Իրավապահ մարմիններին կոչ ենք անում հանգիստ թողնել Գևորգին, իսկ բողոքավոր քաղաքացիներին հորդորում ըմբռնումով մոտենալ երաժիշտի գործունեությանը՝ գնահատելով Գևորգ Աղաջանյանի բացառիկ ներդրումը Երևանի ժամանակակից քաղաքային կոլորիտի ստեղծման և պահպանման գործում։
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն