Բաժիններ՝

Ֆեյսբուքում ստեղծվել է նախաձեռնություն` ընդդեմ ԲՈՒՀ-երի վարձավճարների բարձրացման

Երևանի հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ հասարակական բուռն ընդվզումից հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է մեկ այլ նախաձեռնություն` ընդդեմ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում (ԲՈՒՀ) ուսման վարձի բարձրացման:

«Փորձենք պարզել, թե իրականում ԲՈՒՀ-երում ինչ բարեփոխումներ են պետք և արդյոք դրանց համար պետք է բարձրացնել տեղից էլ բարձր, շատերի համար անհաղթահարելի գները: Ստրկամիտ կառավարությանը հասկացնենք, որ մենք այս երկրից չենք գնալու, սովորելու ենք այստեղ, ապրելու ենք այստեղ»,- նշված է «Միասին կանխենք ԲՈՒՀ-երի վարձավճարների թանկացումը» խորագիրը կրող խմբում: Ակցիան նախատեսվում է իրականացնել օգոստոսի 4-ին:

Նախաձեռնության հեղինակները Նախախորհրդարան քաղաքացիական շարժման «երիտասարդ աջակիցներն» են (Անի Նավասարդյան, Ռուբեն Ալանաքյան), իսկ խմբին հավանություն են տվել արդեն ավելի քան 600 քաղաքացիներ:

Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով այս մասին, թեև նշեց, որ ակցիայի նախաձեռնողը բուն Նախախորհրարանի անդամներ չեն, այլ Նախախորհրդարանի գրանցված աջակիցներ, ովքեր ունեն սեփական նախաձեռնությունները, սակայն միաժամանակ ընգծեց, որ Նախախորհրդարանը ողջունում է այդ նախաձեռնությունը և մասնակցելու է դրան:

Կարդացեք նաև

«Մենք աջակցում ենք նմանատիպ բոլոր տեսակի դիմադրություններին»,- ասաց Գարեգին Չուգասզյանը:

Նա նաև անդրադարձավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի այն տեսակետի մասին, որ «կրթությունն ունի իր գինը», և ԲՈՒՀ-երի դասախոսների աշխատավարձի բարձրացումը պահանջում է նաև բարձրացնել ուսման վարձը:

«Այդ ամենը ճիշտ է միայն այն դեպքում, երբ համակարգում աշխատում են հետադարձ կապերը: Եթե դրա որակի վրա չկա վերահսկողություն, և ընդամենը գործում է միայն կեղեքման ու թանկացման միտումը, և ներքևները չեն մասնակցում իրենց վերավերող քննարկումներին, իրենց հրամցնում են այդ թանկացումները` որպես «վերևի» որոշում, բնականաբար, այդ դեպքում ոչ կարող է վստահություն լինել այդ որոշման արդարացիության վերաբերյալ, ո´չ էլ կարող է լինել վերահսկողություն, թե որքանով է դա իրականացվում: Այսինքն` բնական է, նորմալ համակարգերում գոյություն ունեն ինֆլյացիա, պարբերական թանկացումներ և այլն, բայց դա այն դեպքերում է, երբ, ինչպես նշեցի, գործում են հետադարձ կապերը: Իսկ այստեղ հետադարձ կապեր չկան, այստեղ կա մի կտրված, կեղծ էլիտա, որն ինքնուրույն որոշումներ է կայացնում և հրամցնում է` որպես բոլորի կարծիք»,- ասաց Գարեգին Չուգասզյանը

Ավելացնենք, որ ուսման վարձի թանկացման տեղեկությունը դեռ մայիսին հաստատել է ԿԳՆ Ա. Աշոտյանը, իսկ, ըստ մամուլի որոշ հրապարակումների, գալիք ուսումնական տարում ՀՀ կառավարությունը վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձը նախատեսում է բարձրացնել 100-150.000 դրամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս