
Արվեստի ստեղծագործությունների վաճառքով զբաղվող ցուցասրահների և «քյաբաբանոցների» գործունեությունը նույն օրենքով է կարգավորվում

Հայաստանում արվեստի շուկա ձևավորելուն ուղղված քայլ կատարող ներդրողների փորձերը, որպես կանոն՝ ձախողվում են, քանի որ, ինչպես շատ ոլորտներում, այնպես էլ՝ արվեստի ոլորտում, հարկային, մաքսային բեռն ավելին է, քան՝ սպասվելիք եկամուտները: Վերջին տարիներին Հայաստանում մեծ թվով գալերեաներ բացվել և փակվել են՝ այդպես էլ չկարողանալով ճիշտ կազմակերպել թե՛ էքսպերիմենտալ ցուցահանդեսներով ներկայանալու մարտավարությունը, թե՛ ստեղծագործողների հետ իրավաբանական ձևակերպում ստացած, երկկողմանի պարտավորությունների պայմանագրային քաղաքակիրթ ձևաչափը, և թե՛ ստեղծագործության վաճառքի գործառույթը:
Արդյունքում՝ մասնավորապես ժամանակակից արվեստը «փակվում» է հեղինակների արվեստանոցներում կամ, լավագույն դեպքում, դրանք ուղևորվում են եվրոպական երկրներ, ԱՄՆ՝ հեղինակի անձնական նախաձեռնությունների շնորհիվ: Մինչդեռ, գալերեաների «զարգացմանը» զուգահեռ՝ կարող էր ոչ միայն շուկա ձևավորվել, այլև՝ հասարակության մեջ արվեստի պահանջարկ ստեղծվել՝ մշտապես նոր գաղափարներ և նոր անուններ առաջարկելով:
Աշխարհում՝ հարկային արտոնություն, Հայաստանում՝ տնաքանդություն
1991-ից Հայաստանում մասնավորապես ժամանակակից արվեստ ներկայացնող գալերեաների մոդելը ներդրվեց, և այն ամրապնդվեց մասնավոր կոլեկցիոներների շնորհիվ, որն, ի դեպ, պետության հովանավորչություն չի ակնկալում, և ինքնաֆինանսավորվող ոլորտ է: Նույնիսկ «գալերիստներն» ընդունում են, որ մեր երկրում այդ դաշտը ոչ միայն չի ձևավորվել, այլև գնալով անկում է ապրում. փակվում են տարիների ընթացքում ճանաչում ձեռք բերած գալերեաները: Թեև գալերեաներն, ըստ միջազգային փորձի` չպետք է գոյատևեն պետության աջակցությամբ, այդուհանդերձ, պետք է պաշտպանվեն օրենքով:
Մինչդեռ, Հայաստանում գոյություն չունի գալերեաների մասին օրենք, էքսպերտային չափանիշներով գնահատման համակարգ, որի պատճառով բանկային համակարգն արվեստը կայուն արժեք չի համարում և գալերիստին իբրև վարկառու չի ընկալում: Այս ամենի բացակայությունից` գալերեաները չեն կարողանում ֆինանսական շրջանառությունն ապահովելով գոյատևել: Որքան էլ տարօրինակ է, բայց գալերեաները Հայաստանում գործում են` գրանցվելով` որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ (ՍՊԸ): Հետևաբար՝ մեր մշակութային քաղաքականության կամ պետական որևէ փաստաթղթում նույնիսկ գոյություն չունի «գալերեա» սահմանումը: Ստացվում է, որ մեր պետության համար միևնույն նշանակությունն ունեն գալերեաների և, օրինակ` «քյաբաբի» պատրաստման որևէ ՍՊԸ-ի գործունեությունը:
Հայաստանի գալերիստներից մեկը տարիներ առաջ փորձեց «Գալերեաների մասին» օրենքի նախագիծ առաջարկել, ընդ որում՝ առաջարկված մոդելով վաղուց արդեն աշխատում են արևմտյան բազմաթիվ երկրներ: Օրենքի այդ նախագծով նաև սահմանվում էր հաստատագրված հարկի սկզբունքը: Օրինակ՝ Եվրոպայում հաստատագրված հարկը 7%-ն է, այսինքն՝ նկարի վաճառքից ստացված գումարի 7%-ը փոխանցվում է պետությանը: Գալերիստները մեր օրենսդիրներին փորձում էին բացատրել, որ հաստատագրված հարկի սահմանումն այլևս թույլ չի տա զարտուղի ճանապարհներով՝ ցածր գնային համակարգով, քիչ գումար մուծելու քայլին դիմել: Մինչդեռ մեր օրենսդիրներն այդպես էլ չարձագանքեցին օրենքի այս նախագիծը քննարկման դնելու առաջարկներին: «168.am»-ի նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք նաև եվրոպական որոշ երկրների՝ արվեստի ոլորտում հարկային քաղաքականությանը, մասնավորապես՝ մեջբերել էինք Մեծ Բրիտանիայի օրինակը, որտեղ արվեստը խթանելու համար հարկային բազմաթիվ արտոնություններ են գործում:
Գերմանիայում գործում է նաև օրենք, ըստ որի՝ եթե ինչ-որ մեկն, ասենք, 1 միլիոն մարկ արժողության արվեստի գործեր է գնում, ապա որոշակի հարկերից ազատվում է, և հարկային արտոնության այս մոդելն այդ պետությունը հատուկ կիրառում է արվեստը զարգացնելու նպատակով: Ընդ որում, ներկայումս Գերմանիայի ժամանակակից արվեստը հսկայական եկամուտներ է բերում իր երկրին: Գալերեաների ոլորտում հարկային փաթեթի վերաբերյալ օրենսդրական դաշտի կիրառմանը զուգահեռ` նաև շատ են բարձրացել գերմանացի հեղինակների ստեղծագործությունների գները, քանի որ կարողություն ունեցող մարդիկ արվեստի գործեր են գնում` հարկային արտոնությունից օգտվելու համար: Ոմանք գնում են կոլեկցիոներ դառնալու նպատակով` հետագայում այդ գործերը կրկնակի, եռակի այլ երկրներում վաճառելու նպատակով: Ստացվում է՝ եթե մեր պետությունը հեղինակի գործի գնահատման չափորոշիչների համար օրենսդրական դաշտ չի ստեղծում, ուրեմն` դրսում հայ նկարիչը գնահատվում է այն սկզբունքով, որը որոշում է տվյալ երկրի «խաղի կանոնները»: Այլ կերպ ասած` մենք ունենք ժամանակակից արվեստի տաղանդավոր, հետաքրքիր հեղինակներ, որոնք, սակայն, գնահատվում են այլ երկրների օրենքներով և իրենց արվեստն էլ իրացնում են այլ երկրներում:
Այսպիսով, թեև ՀՀ-ում ամեն երկրորդ պաշտոնյայի շուրթերից հնչում են արվեստի զարգացման, մշակութային համաշխարհային իրադարձություններին հայ արվեստագետների մասնակցության կարևորության մասին ելույթներ, այդուհանդերձ, մեր երկրում արվեստագետն իր ստեղծագործությամբ օրենքով պաշտպանված չէ և չունի օրենսդրական ճանապարհով ինքնառեալիզացվելու հնարավորություն: Ազգային ժողովում կան պատգամավորներ, ովքեր մշտապես խոսում են արվեստից, մշակույթից, սակայն որպես օրենսդիրներ՝ նման կարևոր նախաձեռնություններով երբեք հանդես չեն գալիս: Օրինակ՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Շուշան Պետրոսյանը մասնագիտությամբ լինելով նկարչուհի՝ քաջատեղյակ է այս ոլորտի խնդիրներին և պարտավոր է հանդես գալ նախաձեռնություններով: Մինչդեռ, առայսօր այդ պատգամավորն ԱԺ դահլիճից չի հնչեցրել ժամանակակից արվեստի վերաբերյալ որևէ խնդիր:
Այս ոլորտի խնդիրներից փորձեցինք զրուցել բոլորովին վերջերս հիմնադրված www.hi-artonline.com նախագծի հեղինակ Աննա Գրիգորյանի հետ, ով հասցրել է ոլորտը մասնակի ուսումնասիրել և որոշակի դեղատոմսեր առաջարկել արվեստի զարգացման ուղղությամբ:
«Արվեստի ոլորտում պետք է ներդրվեն շատ կարևոր մասնագիտական՝ անկախ փորձագիտական մի քանի խմբեր: Ամբողջ աշխարհում գոյություն ունի գնահատող, փորձագետ, կան անկախ փորձագիտական խմբեր, որոնք շուկայական օբյեկտիվ պահանջներով գնահատում են արվեստի գործերը»,- ասում է Ա. Գրիգորյանը՝ ավելացնելով, որ արվեստի շուկայում պարտադիր պետք է գործեն մասնավոր փորձագիտական խմբեր, որոնց գործունեությունը կարգավորվում է օրենքով: Անկախ փորձագետների պրակտիկան արվեստի շուկայի կարգավորման կարևորագույն էլեմենտներից է, քանի որ գնորդը դիմելով համապատասխան մասնագետին՝ ապահովագրվում է թե՛ կեղծ ստեղծագործություն գնելու վտանգից, և նաև իր ձեռք բերած նկարի շուկայական արժեքի վերաբերյալ օրինական փաստաթուղթ է ունենում: «Աշխարհի փորձն այսպիսին է. գնորդը դիմում է անկախ փորձագետին և գնում է գալերեա կամ art-դիլերին է դիմում: Փորձագետը գնահատում է ստեղծագործությունը, և գնորդն ըստ այդմ կողմնորոշվում է, այսինքն՝ նաև ունենում է նկարի, այսպես կոչված, «անձնագիրը»: Հակառակ դեպքում՝ շուկայում ստվերը, կեղծ ստեղծագործությունների տարածումը դառնում է անվերահսկելի, իսկ գնորդը խաբվում է թե՛ ստեղծագործության իսկության, թե՛ գնային քաղաքականության մեջ»,- վստահեցնում է Ա. Գրիգորյանը՝ նշելով, որ անհնար է ձևավորել արվեստի շուկա, եթե գոյություն չունի նկարչին և գնորդին միացնող շղթան: Այլ կերպ ասած՝ եթե բացակայում է art-մենեջմենթը: Նշյալ ինստիտուտի գոյությունը չի արդարացվում, եթե, օրինակ՝ գնորդը գնում է նկարչի արվեստանոցից գործ ընտրելու: Մինչդեռ Հայաստանում հիմնականում նկարները մարդիկ գնում են հեղինակների արվեստանոցներից կամ անհատ վաճառողներից, արդյունքում՝ գալերեաների գործունեությունը սահմանափակվում է միայն ցուցահանդեսներ ներկայացնելով: «Ամբողջ աշխարհում գալերեաների հիմնական գործառույթը վաճառք կազմակերպելն է: Գալերիստն աշխատում է մի քանի ուղղություններով՝ զրոյից նկարիչին «աճեցնում» է և կարող է 100 դոլար արժողությամբ ստեղծագործությունը աստիճանաբար բարձրացնել անհավանական գների: Կամ 20.000 դոլարանոց գործեր ունեցող նկարչի գները 40.000 դոլար դարձնելու նպատակ է դնում: Այսինքն՝ գալերեայի նպատակը գին բարձրացնելն է, որովհետև գալերեան է զբաղվում նկարչի «փրոմոուշընով»: Հայաստանում գալերեաները պետք է վերանայեն իրենց գործունեությունը»,- ասում է նա:
Ա. Գրիգորյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է նաև նկարիչների դիրքորոշումը, ովքեր համաշխարհային, դեմոկրատ art-շուկա մուտք գործելու համար պետք է ընդունեն գալերիստի, art-մենեջմենթի, աուկցիոնային քաղաքականության որոշակի պայմաններ: Շատ դեպքերում գալերիստը նկարչի հետ երկարատև աշխատանքի պայմանագիր է կնքում՝ նրան ցուցադրում, ճանաչելի է դարձնում, գները բարձրացնելուն ուղղված աշխատանքներ է կազմակերպում, համաշխարհային հարթակներում ցուցադրվելու հնարավորություն է ստեղծում, և այլն, իսկ նկարիչը գալերիստի թիկունքում արվեստանոցից նկարը վաճառում է ցածր գնով: Նման դեպքում ինքն իրեն ոչնչացնելով՝ տվյալ ստեղծագործողը ձախողում է նաև գալերիստի աշխատանքը:
Այնուամենայնիվ, art-մենեջմենթ կազմակերպելու քայլեր Հայաստանում կատարվում են, հետևաբար՝ կարևոր է նաև արվեստագետների համագործակցությունն այս նախագծերի հեղինակների հետ, հակառակ դեպքում՝ գալերիստի, art-դիլերի, ներդրողի, շուկա ձևավորողի քայլերն արդյունք չեն ունենա, եթե արվեստագետը նրանց հետ համաքայլ գնալու պատրաստակամություն չի դրսևորում: Անդրադառնալով գալերիստի և արվեստագետի Հայաստանում ոչ միշտ գործող երկկողմանի պայմանագրային պարտավորությունների փաստաթղթային ձևակերպմանը, Ա. Գրիգորյանը նկատում է. «Եթե աշխատում ես շահութահարկով և ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ), ապա պարտավոր ես քո ունեցած տոկոսից 20%-ը վճարել՝ որպես շահութահարկ, և 20%՝ ԱԱՀ, այսինքն՝ վաճառքի շահույթիդ 40%-ը պետք է վճարես պետությանը: Նման պայմաններում ինչպե՞ս կարող է արվեստը զարգանալ: Ինչպե՞ս կարող է նման պայմաններում արվեստը սև շուկայից դուրս գալ, և ի՞նչ արժեքով գալերիստը պետք է կարողանա գործ վաճառել, որպեսզի այդ տոկոսները պետությանը վճարի: Մեր երկրում պետք է հարկային արտոնություններ սահմանվեն, որպեսզի արվեստի զարգացմանը խթանեն»:
Ի դեպ, նկարի արտահանման և ներմուծման հարկային, մաքսային պահանջները արվեստի շուկա մուտք գործող իրավաբանական անձանց համար իսկական «տնաքանդություն» է, հետևաբար՝ միջազգային որևէ ցուցահանդեսի կամ աուկցիոնի մասնակցելու համար ծախսվում են խոշոր գումարներ: Հարկային, մաքսային նման կոշտ մոտեցումները նպաստում են ստվերային շուկայի զարգամանը, ավելին՝ Հայաստանի արվեստի ներկայացուցիչների առաջ փակում են համաշխարհային հարթակներ մուտք գործելու դռները:
Մեծահարուստները սկսել են մեքենայի, անշարժ գույքի փոխարեն՝ նկար գնել
Հայաստանի մեծահարուստներն, այնուամենայնիվ, վերջին տարիներին սկսել են գիտակցել լավ մեքենա և լավ նկարչություն գնելու տարբերությունը. լավ մեքենան 5 տարի անց արժեքը կորցնում է, իսկ լավ նկարը 5 տարի անց կրկնակի, եռակի արժեք է ձեռք բերում: Այսինքն՝ արվեստի ստեղծագործությունը միակ կայուն արժեքն է, որը տարեցտարի ավելի թանկ է գնահատվում: Այնպես որ՝ Հայաստանում կարող են հաջողություններ գրանցել նաև աուկցիոնները՝ դասական և օնլայն աճուրդները: Սակայն այս ամենը կարող է հաջողություն ունենալ միմիայն օրենսդրական բարեփոխումների արդյունքում:
Այնուամենայնիվ, www.hi-artonline.com-ի հիմնադիր Ա. Գրիգորյանը ուսումնասիրելով արվեստի շուկան, ինչպես նաև իրականացնելով «Արևմուտքից՝ Արևելք, մոդեռնից՝ պոստմոդեռն» խոշոր ցուցահանդեսը՝ գտել է արվեստի զարգացման բանալին. «Հայաստանում ամենազարգացածը գեղարվեստն է. ոչ կինոն, ոչ երաժշտությունը, այլ՝ գեղարվեստը: Չունենք այդ որակի և քանակի կինեմատոգրաֆիստներ կամ կոմպոզիտորներ, որքան ունենք նկարիչ, քանդակագործներ, art-օբյեկտներ ստեղծողներ: Նրանք շատ առաջադեմ, ձգտող, աշխատասեր են: Այդ հարուստ ռեսուրսն այն թելն է, որից պետք է ամուր բռնել և առաջ շարժվել:
Մենք ունենք շատ նկարիչներ, ովքեր դուրս են արվեստի շղթայական, լոկալ տեսողությունից: Եթե փորձենք Քոչար, Լևոն Թութունջյան, Ժանսեմ ներկայացնել համաշխարհային համբավ ունեցող թանգարանում այլ մեծությունների հետ, հավատացեք, նրանք ոչ մի լոկալիզացված տպավորություն չեն թողնի. Հակառակը՝ վերին աստիճանի ավանգարդ են: Ժամանակակից նկարիչները, որոնց հետ ներկայումս համագործակցում ենք, նույնքան հետաքրքիր կարող են լինել աշխարհի համար: Արշիլ Գորկիին մենք համարում ենք մերը, չնայած նա ամերիկյան նկարիչ է, այդ մթնոլորտում, ամերիկյան, այնուհետև՝ համաշխարհային նկարչության մեջ է այդ փոփոխությունը ստեղծել, բայց մենք ինչպե՞ս պետք է հայկականացնենք Գորկիին, միայն նրանով, որ նա հա՞յ է… Պետք է պրոպագանդենք, Հայաստանում ցուցահանդես կազմակերպենք, պետք է գնանք, աշխարհի աուկցիոններին մասնակցելով՝ բարձր գներով Գորկի գնենք ու խոսենք այդ մասին: Պետք է բերենք նրա արժեքավոր գործերը և Հայաստանի թանգարաններում ցուցադրենք, որպեսզի զբոսաշրջիկներին պատմենք, քարոզչական միավոր դարձնենք»,- ասում է նա: