Տարոն Մարգարյանը շրջանցել է նստացույցի թեման
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր հրավիրած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ շրջանցել է արդեն չորրորդ օրը քաղաքապետարանի առջև շարունակվող նստացույցի թեման: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է խորհրդակցությանը մասնակցած ավագանու «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, իր տպավորությամբ Տարոն Մարգարյանը մտադիր չէ որևէ փոխզիջման գնալ և կատարել ակտիվիստների պահանջները։
«Բացարձակ չխոսվեց այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Երևանում անցյալ շաբաթվա ընթացքում, սա ի՞նչ էր նշանակում, ինչո՞ւ այսպես եղավ, ովքե՞ր էին պատասխանատուները… որևէ մտահոգություն ես չզգացի, չտեսա, ամեն մարդ իր տեղում էր, համենադեպս, բարձր տրամադրություն էր, որ «ինչ ուզում եք արեք, մենք մեր տեղում ենք՝ պինդ ու ապահով, անկախ նրանից, երևանցի, դու ապահո՞վ ես, թե՞ չէ, ես ապահով եմ իմ տեղում»»,- ասել է Բախշյանը։
Փոխարենը Երևանի քաղաքապետն այսօր հանձնարարական է տվել հասարակության բոլոր շահագրգիռ կողմերից ընդունել հայտեր՝ ներգրավվելու նոր ձևավորվելիք հանձնաժողովում, որը պետք է քննարկի ներքաղաքային տրանսպորտի համակարգը բարելավելու հարցը:
Քաղաքապետարանի առջև բողոքի ակցիան շարունակող ակտիվիստները մինչդեռ, մտադիր չեն մասնակցել այս հանձնաժողովի աշխատանքներին: Ինչպես ընդգծում էր «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության անդամ Վահագն Մինասյանը, բարեփոխումների մասին խոսելուց առաջ Տարոն Մարգարյանը նախ պետք է պաշտոնանկ անի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ընկերության ղեկավար Միսակ Համբարձումյանին։
«Չենք պատրաստվում կլոր սեղանի շուրջ և բանակցել քրեաօլիգարխիկ տարրերի, անբարեկիրթ, ապօրինի որոշումներ կայացրած և իրականացնելու փորձ կատարած անձանց հետ։ Երբ կկատարվեն մեր պահանջները, այն ժամանակ կանդրադառնանք մյուս հարցերին»,- ասել է Մինասյանը։
Քաղաքային իշխանությունները առայժմ որևէ կերպ չեն արձագանքել ակտիվիստների պահանջներին: Սակայն, արդեն երրորդ գիշերն է քաղաքապետարանի աշխատակիցները միացնում են ոռոգման համակարգը՝ խոտածածկը ջրելու նպատակով, անջատում են հարակից լուսավորությունը, ինչպես նաև պարբերաբար տարածքով անցնում են ջրցան մեքենաներ, որոնք մեծ շիթերով ջուր են բաց թողնում նստացույցի մասնակիցների ուղղությամբ:
Կարդացեք այստեղ.