ՀՀԿ-ականը՝ Տարոն Մարգարյանի և Հենրիկ Նավասարդյանի հրաժարականների պահանջի արդարացիության մասին

«Քաղաքապետարանը պետք է աղբյուր գտնի ու փոխհատուցի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Վերջինիս խոսքով՝ քաղաքացիների համար սոցիալական այս պայմաններում 150 դրամ վճարելը դժվար կլինի. «Մարդ կա 2-3 տրանսպորտ է փոխում աշխատանքի գնալուց: Չունևորների համար շատ դժվար ա: Մեր քաղաքացիները վճարունակ չեն: Եթե ռոճիկները ու թոշակները բարձր լինեին, հեշտ կլիներ: Հիմա անհավասարություն կա, ուրեմն՝ պետք է բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները»:

Ռ. Պետրոսյանը շեշտեց, որ բնակչության միայն մի մասը կարող է 150 դրամ հատկացնել տրանսպորտին: Մենք հետաքրքրվեցինք նաև, թե արդարացվա՞ծ է տրանսպորտի թանկացման դեմ պայքարող երիտասարդների պահանջը` Տարոն Մարգարյանի, Հենրիկ Նավասարդյանի, «Երևան Տրանս» ընկերության տնօրենի հրաժարականների վերաբերյալ: Ի պատասխան ՀՀԿ անդամն ասաց. «Մնացածինը չգիտեմ, բայց Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելը սխալ է: Նա եզակի քաղաքապետ է, ով քաղաքը կառուցում է: Բոլոր բակերը վերականգնեց, քաղաքը կանաչապատվեց»:

Մեր հարցին, թե դա բավարա՞ր է, նա պատասխանեց. «Չէ, բավարար չէ: Տարոնը շարունակում է աշխատել: Աբովյան փողոցը կաֆեներից ազատեց, չե՞ք հիշում»:

Իսկ հարցին, թե  Ձեզ համար քաղաքապետարանի կողմից տրանսպորտի թանկացման հիմնավորում-հաշվարկները համոզի՞չ են, նախկին պատգամավորը նախ նշեց, որ ինքը դրանց ծանոթ չէ, ապա ավելացրեց. «Ամեն ինչ գնալով թանկանում ա, տրանսպորտի գինն էլ պետք է թանկանա: Սա հասկանալի ա: Բայց իշխանությունները պետք է ամեն ճիգ գործադրեն` բարձրացնելու աշխատավարձերը, թոշակները, որ քաղաքացին կարողանա 150 դրամ տալ: Կամ էլ քաղաքապետարանը միջոցներ պետք է գտնի փոխհատուցելու: Դա կարող է լինել հողերի վաճառքի միջոցով: Բացի պետական բյուջեից, քաղաքապետարանը իր միջոցներն ունի ու կարող է դրանից փոխհատուցել»:

Կարդացեք նաև

Միաժամանակ նա նշեց, որ քաղաքապետարանը պետք է ճիշտ հաշվարկներ անի` հնարավոր է 130 դրամ կազմի գինը: Մենք հետաքրքրվեցինք, թե անձնական միջոցներից քաղաքապետարանը չի՞ կարող փոխհատուցել թանկացման օրերին քաղաքացիների տված 150 դրամաները: Ռաֆիկ Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Ո՞նց պետք է որոշեն՝ ով է 150 տվել, ով 100: Բոլորը կկանգնեն, կասեն 150 են տվել: Անցել-գնացել է, հնարավոր չէ հաշվարկել: Ծախսերը հնարավոր չէ հաշվել` մեկը տվել ա, մեկը` չէ: Կկանգնեն, կասեն՝ տվել ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս