Գուրգեն Եղիազարյանը՝ տրանսպորտի թանկացման դեմ ակտիվիստների պայքարի մասին. Ապտակեցին հրեշի մռութին` ասելով, որ էդպես չէ
«Տասը տարուց ավելի է, ինչ ՀՀ իշխանությունները քաղաքացիների վրա փորձեր են իրականացնում: Հայաստանի տնտեսությունն ամբողջապես գտնվում է Սերժ Սարգսյանի կլանի ու իր մերձավորների ձեռքին: Տնտեսության 90 տոկոսին էլ տիրել է մի կուսակցություն` անունը ՀՀԿ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը` ավելացնելով, որ ՀՀԿ-ն մի օրում է ստեղծվել, մի օրում էլ «կփակվի-կգնա»` մոռացության մատնվելով պատմության էջերում:
«Բայց խնդիրը նրանում է, որ սրանք անմարդկային օրենքներով Հայաստանը հայաթափում են այնպես, որ հետո վերականգնել չի լինի»,- ասաց նա:
Անդրադառնալով տրանսպորտի թանկացման պաշտոնական հիմնավորում-հաշվարկներին՝ Գուրգեն Եղիազարյանը նկատեց. «Ասում են, թե ավտոպահեստամասերն է թանկացել: Լավ էլի… Գծատերերը 100 տոկոսով ՀՀԿ-ի անդամներն են, այն էլ` ոչ շարքային անդամներ, որոնք մակաբույծի նման զարգանում են: Հիմա մտածում են, որ եթե գազը թանկանում է՝ ինչո՞ւ իրենք էլ չթանկացնեն տրանսպորտը: Ագահության խնդիր է: Էդ երիտասարդը (նկատի ունի Տարոն Մարգարյանին.- Տ.Մ.) հիմա խոսում է, թե՝ չեք ուզում արժանապատիվ տրանսպորտ ունենալ… լավ էլի, նա՝ ո՞ւր, քաղաքապետն՝ ո՞ւր»:
ՍԴՀԿ նախկին անդամը հիշեցրեց նախընտրական շրջանում Տարոն Մարգարյանի հայտնի խոստումը, թե հասարակական տրանսպորտի գինը չի թանկանալու, ու նշեց. «Խաբեցին, ժողովրդին խաբեցին: Այս իշխանության գործը սուտ ասելն է, մենք ապրում ենք սուտասանների երկրում: Երևանցին օգտվեց այս դրության մեջ` ապտակ հասցնելով իշխանության անպատկառ երեսին: Մյուս կողմից էլ՝ օգտվեց նաև վարչապետը, որովհետև «օֆշորային» թեման երկրորդ պլան մղվեց»:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի` իշխանությունները ժամանակավորապես հետաձգում են տրանսպորտի գնի թանկացման հարցը` «ժամանակ շահելու ու բողոքի ալիքը քնեցնելու» համար: Նրա խոսքով՝ այս ժամանակահատվածում իշխանությունները կաշխատեն երիատասարդներին համոզել, որ թանկացումն անխուսափելի է. «Սրանց ախորժակը բորենու ա, էնքան մեծ ա, որ չեն նահանջի: Ամեն ինչի կգնան, որ իրենց իշխանությունը պահեն: Մի մասն իրան շպրտեց Ազգային ժողով, մի մասը տեղավորվեց քաղաքապետարանում: Ես արդեն մտածում եմ, որ գուցե թուրքական գործակալներո՞վ է իմ հայրենիքը լցված, որ ամեն ինչ անում են` երկրի հայաթափման համար: Պարզվեց, որ մեր կողմից ատելի թուրքերն ավելի լավ մարդիկ են, իսկ մերոնք 10 հոգու սպանեցին` մինչև էսօր ազատ ման են գալիս: Փող են տվել սրանց, որ մեր հայրենիքը հայաթափեն»:
Նա շնորհակալություն հայտնեց այս օրերի ընթացքում բողոքի դուրս եկած երիտասարդներին, որոնք, թեպետ ժամանակավոր, բայց արժանի հաղթանակի տարան, ու հավաստիացրեց. «Էդ երեխեքը շատ քաջ են, որ վեր կացան էդ հրեշի դեմ: Ապտակեցին հրեշի մռութին` ասելով, որ էդպես չէ»:
ՍԴՀԿ նախկին անդամը վստահեցրեց նաև, որ «Տարոնը փոքր մարդ է», և այդ որոշումն իրենը լինել չի կարող: Ըստ նրա՝ քանի որ Սերժ Սարգսյանն արձակուրդում է, այս անգամ դա որոշել է Տիգրան Սարգսյանը: