Բաժիններ՝

Փարաքարի բնակիչներն օդի փոխարեն փոշի են շնչում

Արդեն մեկ տարի է՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչները կորցրել են հանգստությունը: Հարևանությամբ գործող գիպսի ու քարի հանքերն առաջացնում են բնակիչների դժգոհությունը: Պայթեցումներից առաջացած փոշին իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար: Այն ընտանիքները, որտեղ փոքրիկ երեխաներ կան, անգամ ամռան շոգին պատուհան չեն բացում. եթե փոշին օրորոցի վրա է, ապա կարող է հայտնվել նաև երեխայի թոքերում: «Փոշին մեզ խեղդում է, բայց մենք չգիտենք՝ ի՞նչ անենք»,- 168.am-ի հետ զրույցում ասում է տիկին Վարսիկն ու ցույց տալիս պատուհանի գոգին հավաքված փոշին: «Առավոտյան մաքրում ենք, կեսօրին արդեն փոշին դրված է»,- ասում է նա:

Փարաքարցիները թվով 400 ստորագրությամբ բողոքի նամակ են հղել մարզպետին, ՀՀ նախագահին ու վարչապետին, սակայն՝ ապարդյուն. հանքերը շարունակում են աշխատել, պայթեցվում են բաց եղանակով: Բնակիչները ցանկանում են պարզել, թե Բնապահպանության, Առողջապահության ու Արտակարգ իրավիճակների նախարարություններն ինչպե՞ս են թույլ տվել բնակավայրին այսքան մոտ նման հանքերի շահագործումը: Սակայն վերոնշյալ գերատեսչություններից այդպես էլ պատասխան չեն ստացել:

Գյուղի մոտ երկու տասնյակ բնակիչների բնակարաններում պայթեցումներից ճաքեր ու խոռոչներ են առաջացել: Շաբաթական մեկ անգամ կատարվող պայթեցումներն այնքան ուժգին են, որ բնակիչներին թվում է, թե պատուհանները կփշրվեն, ու առաստաղը փուլ կգա: «Էդ պայթեցումներին ժամանակ իմ սիրտն իրար է գալիս, վախից ոտքերս դողում են, ինձ թվում է՝ մի քար, մի բան ուղիղ մեր տան վրա է գալիս»,- ասում է Մարիան:

«Գյուղում հատկապես սրված է ալերգիան, շատերը փոշուց ալերգիա ունեն, հազում են, փռշտում, շատերի մոտ էլ այդ հիվանդությունը սրվել է, ու նրանք արդեն դեղեր են խմում, սրսկվում: Մեզ ասում են, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է, որ կան համապատասխան փաստաթղթեր, բայց ո՞նց կարող է Առողջապահության նախարարությունը բնակավայրին այսքան մոտ թույլ տալ շահագործել միանգամից երկու հանք: Արդյո՞ք սա օրենքի խախտում չէ»,- ասում է մեր մյուս զրուցակիցը՝ տիկին Անահիտ,ն ու հավելում, որ թեթև քամու ժամանակ գյուղը ծածկվում է սպիտակ փոշիով:

Կարդացեք նաև

Գյուղապետ Սամվել Վարդանյանը համոզված է, որ հանքերի շահագործումն օրինական չէ, քանի որ խախտվում են գյուղացիների իրավունքները: «Աղմուկ է, փոշի, կեղտ, ի վերջո, հանքի շահագործումը վնասում է բնակիչների առողջությանը»,- ասում է գյուղապետը` հավելելով, որ դիմել է բազմաթիվ կառույցների, սակայն՝ ապարդյուն. գյուղապետին ո՛չ «այո» են ասել, ո՛չ էլ` «ոչ», ու ստեղծվել է մի իրավիճակ, երբ մասնավոր շահի պատճառով տուժում է մի ամբողջ գյուղ:

Արմավիրի մարզ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս