Տարոնիկի գյուղապետ. «Չեմ ուզում աշխատել, հոգնել եմ, ծերացել եմ»
Ըստ «Փաստինֆո»-ի՝ վերջին շրջանում հայաստանյան գյուղերի ղեկավարների հրաժարականները կառավարության նիստի օրակարգում, կարծես թե, օրինաչափություն են դարձել: Այս իմաստով, գործադիրի վաղվա նիստը նույնպես բացառություն չէ: Այս անգամ հրաժարական տվողը Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի գյուղապետն Ալբերտ Խաչատրյանն է:
Ի դեպ, հրաժարական տված մի շարք գյուղապետեր խոստովանել են, որ այդ քայլին են դիմում Հայաստանից հեռանալու եւ արտերկրում աշխատելու նպատակով:
Ալբերտ Խաչատրյանը«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նշել է, որ Հայաստանից հեռանալու մտադրություն չունի: Իսկ հարցին, թե ինչով է պայմանավորված իր հրաժարականի որոշումը, նշեց. «Ուղղակի չեմ ուզում աշխատել, հոգնել եմ, ծերացել եմ»:
Հիշեցնենք, Ալբերտ Խաչատրյանը Տարոնիկի գյուղապետի պաշտոնում վերընտրվել էր 2011 թ-ին: Նա ՀՀԿ անդամ է:
Կառավարությունը վաղը կընդունի գյուղապետի հրաժարականի փաստն ու գյուղում նոր ընտրություն անցկացնելու որոշում կկայացնի’ դրա համար հատկացնելով 795 000 դրամ: