Պաշտոնական Էջմիածինը՝ կաթողիկոսի գծատեր լինելու մասին
Այսօր Մաշտոցի պուրակում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր արդեն հինգերորդ օրն է՝ պայքարում են քաղաքապետարանի անօրինական որոշման դեմ, հայտարարել են, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործել է օրենքի կոպիտ խախտումներով՝ 50 դրամով բարձրացնելով տրանսպորտի ուղեվարձը, ինչպես նաեւ նրանք հրապարակել են գծատերերի անուններ, ովքեր, ըստ ակտիվիստների, կանգնած են այս ամենի ետեւում: «Նեմեց Ռուբո, Կաթողիկոս, Գալուստ Սահակյան, Ծաղիկ Ռուբո եւ այլն: Նրանք են կանգնած այս ամենի ետեւում»,- հայտարարել են ակտիվիստները և հավելել, որ այս որոշումով Երևանի քաղաքապետարանը նաեւ խախտել է իր իսկ որդեգրած՝ հանրային մասնակցության եւ բնակիչներին որոշումների կայացմանը մասնակից դարձնելու սկզբունքը:
ԳԱԼԱ-ն այս տեղեկությունը փորձել է ճշտել Մայր աթոռի լրատվության բաժնից, որտեղ կաթողիկոսի գծատեր լինելու մասին տեղեկությունը որակել են որպես մեղադրանք:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հարցը մեկնաբանել է այսպես. «Ծիծաղելի է Ամենայն հայոց կաթողիկոսին նման վերագրումներ անել: Այս մասին ժամանակին ինչ-ինչ անհատներ էլի փորձել են խոսել, սակայն ձախողել են, որովհետև կեղծիքը կյանք չունի: Ցավալի է, որ այսօր ևս կան մարդիկ, որ այսպիսի անպատասխանատու հայտարարություններով ջանում են հաչս ժողովրդի սասանել Հայ Եկեղեցու և նրա հովվապետի հեղինակությունը»: