Գծատերերը պնդում են, որ տրանսպորտի սակագնի բարձրացումն անխուսափելի էր

Դեռևս 2008-ից Երևանում երթուղային գծեր սպասարկող ընկերությունները դիմել են քաղաքապետարան` ուղեվորափոխադրման սակագինը բարձրացնելու հայտով: Սակայն մրցութային հանձնաժողովն անընդհատ սաստել է նրանց՝ պատճառաբանելով երկրի և ժողովրդի սոցիալական վիճակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դավիթ երթուղային» ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը:

Նշենք, որ այս ընկերությունը սպասարկում է 8, 20, 16 երթուղային գծերը: Նա նշեց, որ տրանսպորտի սակագնի բարձրացումն անխուսափելի էր, հակառակ դեպքում՝ քաղաքային փոխադրումները կձախողվեին. «Այդ քայլը պարտադրված էր մեզ համար մեր իսկ կողմից, քանզի առանց թանկացումների քաղաքային փոխադրումներն արդեն իսկ կանգնած էին ձախողման եզրին: Այդ դեպքում մենք կվերադառնայինք 90-ական թվականներ: Այսինքն՝ կունենայինք Երազ, ՊԱԶ, ԿՎԶ մակնիշի ավտոբուսներ՝ ինքնաշեն նստատեղերով, ժամերով սպասելով, տրոլեյբուսների տանիքներին, տրամվյաների տանիքին, հիմա չկան տրամվայները, կփոխադրեինք այդ կարգով, քանզի այս տրանսպորտը գնում է կործանման, կործանման՝ տեխնիկական առումով»:

Անդրադառնալով տրանսպորտի գնի թանկացման շուրջ հասարակության բողոքի ակցիաներին,  նա նշեց, թե այն ինչ-որ չափով արդարացված է, բայց անհասկանալի. «Արդարացված է՝ ելնելով նրա ընտանեկան զամբյուղից, բայց անհասկանալի է, որ տրանսպորտը կենդանի շունչ է, շարժվում  է, շնչում է: Շարժվելու, շնչելու համար նրան պետք է նորից վճարել, նորոգել, կառուցել, որպեսզի նա կարողանա աշխատել»:

Հարություն Առաքելյանն ասաց, որ սակագնի թանկացման արդյունքում կբարձրանա վարորդների աշխատավարձը: Այժմ, նրա խոսքով՝ վարորդներն իրենց օրվա համար վճարում են նույնքան գումար, որքան մի քանի օր առաջ: Գումարը, սակայն, կվերանայեն այն ժամանակ, երբ կուսումնասիրեն ուղևորահոսքը: Հարություն Առաքելյանը հավաստիացրեց, որ ցանկացած մարդ կարող է մասնակցել ուղևորափոխադրման մրցույթին, ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը և ուղևորափոխադրում իրականացնել. «Երկրորդ իսկ օրը կսպասարկի նշված երթուղին»:

Լրագրողների հարցին՝ ստացվում է, որ այսքան տարիների ընթացքւմ ընկերությունը վնասո՞վ է աշխատել, Հարություն Առաքելյանը պատասխանեց. «Միգուցեև՝ այո՛»:

Նա նշեց, որ աշխատել են՝ հույս ունենալով, որ կկարողանան նոր մեքենաներ ներկրել, ուղեվորափոխադրումներ իրականացնել: «Վարորդների ամսական աշխատավարձը կազմում է մկիջինը մոտ 100.000 դրամ»,- ասաց նա:

Լրագրողների այն դիտարկամնը, որ Ստեփանակերտում երթուղային համար 70 դրամ են վճարում, Հարություն Առաքելյանն ասաց, թե Երևանում ուղևորափոխադրում իրականացվում է հիմնականում քաղաքի մի ծայրից մյուսը. «Մեր ցանկացած երթուղու միջին երկարությունը մոտ 40 կմ է: Եթե ես իմ վազքը կատարեի 50 տոկոսով կրճատված, ինչ դուք օրինակ եք բերում Ստեփանակերտը, որի փողոցի երկարությունը, եթե չեմ սխալվում՝ 10 կմ-ի չի հասնում, 10 կմ ուղեգծով աշխատելու դեպքում մենք կտեղավորվեինք այդ գնի մեջ»:  Նա ասաց նաև, որ օրական մեկ միջին մեքենան 200-250 ուղևոր է տեղափոխում:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս